«Իմ մարմնավորած կերպարն ինձ սովորեցրեց  ինչ էլ լինի, չչարանալ աշխարհի ու մարդկանց նկատմամբ»․ Մանե Բոզոյան

Հարցազրույց 15.01.2021   20:15   669

«Շիրազի Վարդը» հետուստասերիալից հայտնի երիտասարդ դերասանուհի Մանե Բոզոյանը դերասանուհի  դառնալու որոշումը կայացրել է  հասուն տարիքում՝ այն ժամանակ,  երբ արդեն պետք է բուհ ընդունվեր, բայց դեռ մանկուց սիրել է բեմը  և զգացել՝ բեմն էլ իրեն է հարազատաբար ու գրկաբաց  ընդունում։ Բեմի, թատրոնի կախարդական աշխարհի մագնիսական ուժը զգացած Մանեն  բուհ ընդունվելուց միայն մի քանի ամիս առաջ  է  վստահաբար որոշել՝   պետք է դառնա դերասանուհի։ 

Մեր թղթակիցը զրուցել է դերասանուհու հետ՝ անդրադառնալով նրա անցած ուղուն և, «Շիրազի Վարդը» հեռուստասերիալում մարմնավորած կերպարին և, իհարկե, նոր պլաններին և անելիքներին։

- Մանե՛, թատրոնի ու կինոյի աշխարհն ինչպե՞ս Ձեզ իր հորձանուտը տարավ։ Ինչպե՞ս զգացիք, որ Ձեր և բեմի միջև անսովոր ձգողություն կա։

- Ես հաճախում էի դաշնամուրի, մենք համերգներով հանդես էինք գալիս, դպրոցում բեմադրվող միջոցառումներին  և ասմունքի մրցույթների  էի մասնակցում, որտեղ  ժյուրիի անդամների կազմում  լինում էին  նաև հայտնի դերասաններ։  Ես այդ միջոցառումներից տարբեր լուսանկարներ ունեմ։ Այդ լուսանկարներից մեկում ես ժպիտով կանգնած եմ Գուժ Մանուկյանի կողքին։ Այդ  տարիների ընթացքում ես միշտ զգացել եմ՝ սիրում եմ արվեստն իմ մեջ կրել։ Մի անգամ, երբ ես դարձյալ մասնակցում  էի հերթական միջոցառման՝ մարմնավորելով նկարչուհու կերպար, ունեցա առինքնող մի զգացողություն․ ես հասկացա, որ  բեմում ինձ հարմարավետ եմ զգում, բեմում գտնվելն ինձ հաճելի է։  Գնացի տուն և մայրիկիս ասացի՝ ես  բեմում ինչ-որ կախարդական ուժ եմ զգում․․․ Երեք տարի անց, երբ արդեն պետք է դպրոցն ավարտեի,  բուհ ընդունվելու համար պարապում էի  այն առարկաները, որոնք անհրաժեշտ էին  ապագա բանասերին, այսինքն՝ ես պետք է բանասեր դառնայի։ Ես պարապմունքների էի գնում, բայց սրտիս խորքում որոշել էի, որ ուզում եմ դերասանուհի դառնալ։ Զարմանալի է, բայց  չէի համարձակվում խոսել այդ մասին։ Մի անգամ, երբ  գնացի մորաքրոջս մոտ պարապմունքի, որը նաև իմ ուսուցչուհին էր, ինչ-որ հերոսի մասին խոսելիս լաց  եղա։ Մորաքույրս զգաց, որ ես պատկերացնում եմ, թե  ինչ կզգար այդ կերպարը, ես այդ կերպարի մասին ավելի շատ կարող էի խոսել խաղով ու էմոցիաներով, քան բառերով։ Այդ հուզումնալից վիճակից հետո ես մորաքրոջս հետ զրուցեցի, ասացի՝ ուզում եմ դերասանուհի դառնալ, բայց չգիտեմ՝ ծնողներս  ինչպես կարձագանքեն դրան, քանի որ դերասանի մասնագիտությունը, ուղին իրավամբ դժվար է։ Բարեբախտաբար ընտանիքիս  անդամները  ինձ աջակցեցին, բուհ ընդունվելուց   չորս ամիս առաջ սկսեցի պարապել և ընդունվեցի ինստիտուտ, այն էլ անվճար ուսուցման համակարգում պիտի սովորեի, ինչը շատ զարմանալի էր բոլորիս համար, քանի որ ես ընդամենը 4 ամիս էի պարապել։  Մի փաստ էլ կուզենամ հիշել․ երբ առաջին անգամ մտա ինստիտուտ, լուսահոգի ռեժիսոր Ռուբեն Կարապետյանն ինձ հարցրեց․ «Պատրա՞ստ ես միայնակ փոխել աշխարհը»։ Ես վստահաբար ասացի՝ այո, իսկ նա ասաց՝  եթե պատրաստ եմ փոխել աշխարհը, ապա կարող եմ դերասանուհի դառնալ ։  Ես սովորեցի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցում և նրա  նման մեծ վարպետի դարբնոցում  կրթվելն ու հղկվելն ինձ համար մեծ պատիվ է։

- Ձեզ ավելի շատ թատրո՞նն է հոգեհարազատ, թե՞ կինոն։

- Թատրոնը  և կինոն  տարբեր աշխարհներ են։ Թատրոնում  կենդանի շփման հնարավորություն կա, ինչը աննկարագրելի զգացողություն է։ Հանդիսատեսի ու դերասանի միջև մի մոգական կապ կա թատրոնում։ Առհասարակ, դերասանի մասնագիտությունը, կարծում եմ, կախարդական է․ դերասանը մարդկանց տալիս է էմոցիաներ,  որոնք միայն զգայական են, շոշափելի չեն։ Բնականաբար, դերասանն էլ հանդիսատեսից է էներգիա ստանում, որը  նրան օգնում է  էներգիայով լցվել ու չսպառվել։  Կինոն մեկ ուրիշ աշխարհ է․ տեսախցիկը պիտի դերասանին սիրի։ Եթե չսիրեց,  դերասանը չի կարող իր տեղը գտնել կինոաշխարհում։

- Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ  հայտնվեցիք «Շիրազի Վարդը»  հեռուստասերիալում։

- Երբ արդեն չորրորդ կուրսում էի սովորում,  մտա կինոյի աշխարհ։ Իհարկե, զուգահեռաբար նաև ուսանողական  ներկայացումներում էի խաղում՝  Համազգային թատրոնում։ Գիտե՞ք՝  ես միշտ մտածել եմ՝ թատրոնում պիտի խաղամ, և  չէի էլ կարող պատկերացնել, որ կինոյով  կսկսեմ կարիերաս, մինչդեռ «Շիրազի  Վարդը»  հեռուստասերիալում  Սոֆայի կերպարը մարմնավորելիս  հասկացա՝ ինձ դուր է գալիս խաղալ տեսախցիկի առաջ։  Իսկ այդ հեռուստասերիալում ես հայտնվեցի կարելի է ասել՝ պատահական։ Համակուրսեցիներս տեղեկացրին, որ քասթինգ կա, որին որոշել էին մասնակցել։ Ես այդ օրը համերգ պետք է վարեի և  հակված չէի մասնակցել այդ քասթինգին,  քանի որ կարող էի ուշանալ համերգից։  Բայց, ընկերներս ինձ համոզեցին, ասացին՝ մենք  կուղեկցենք քեզ, չես ուշանա համերգից։ Այդպես,  ես  գնացի, մասնակցեցի  այդ քասթինգին և  որոշ ժամանակ անց ինձ զանգահարեցին և ասացին՝  ինձ ընտրել են։ Ես շատ շնորհակալ եմ Ելենա Արշակյանին ինձ նկատելու  և վստահելու համար։

- Անդրադառնանք Ձեր մարմնավորած կերպարին՝ Սոֆային։

- Հատկապես սկսնակ դերասանուհու համար դժվար էր մարմնավորել Սոֆայի կերպարը․ այն միագիծ չէր․ սկզբում մարմնավորում էի 18 տարեկան աղջկա կերպար, ապա նա աստիճաններից  վայր է ընկնում, պարալիզվում է, չի խոսում, չի քայլում, հետո բուժվում է, սկսում է քայլել․ դառնում է մոտ 40 տարեկան։ Այդ  բոլոր անցումները  անհրաժեշտ էր ճիշտ կերտել։ Նկարահանող խումբը ևս նշում էր, որ նրա կերպարը մարմնավորելը բավական բարդ  է։

- Ի՞նչ դժվարությունների բախվեցիք Սոֆայի կերպարը մարմնավորելիս։

- Սովորաբար, մյուս դերերի ընթացքում  հնարավորություն կա էմոցիաները փոխանցել խոսքի,  շարժումների միջոցով, իսկ Սոֆան գամված էր սայլակին, խոսել ու քայլել չէր կարողանում։ Պարկերացրե՛ք՝ այդ բոլոր զգացմունքները ինչպես պետք է արտահայտել, որ հեռուստադիտողը զգա տվյալ կերպարի խորությունը։  Երբ առաջին անգամ նստեցի անվասայլակին,  սկսեցի լաց լինել․ կերպարը մարմնավորելիս  դրա խորությունը զգալը, տվյալ կերպարին հոգեբանորեն կապվելը ինչ-որ անբացատրելի զգացողություն է։ Եղել են օրեր, երբ այդ կերպարը կերտելիս  ջղաձգումները, լարումները խաղալուց  հետո տուն եմ գնացել և ձեռքերի շրջանում մկանային ցավեր եմ ունեցել։ Իմ մարմնավորած  կերպարի դրամատիկ լինելու պատճառով  ընտանիքիս անդամները սկզբում չէին կարողանում դիտել այդ հեռուստասերիալը, հուզվում էին։ Ընթացքում, աստիճանաբար վարժվեցին ու սկսեցին դիտել։  Բայց, ես սիրել եմ Սոֆայի կերպարը և նա ինձ սովորեցրել է չչարանալ աշխարհի  ու մարդկանց հանդեպ,  ինչ էլ լինի։ Եղել են դեպքեր, երբ փողոցում քայլելիս կամ այլուր ինձ մոտեցել են ու ասել, որ ճանաչում են ինձ, սիրել են իմ մարմնավորած կերպարը, երբեմն  նույնիսկ նույնացրել են  այդ կերպարի հետ, դրական խոսքեր ասել, զարմանքով  նշել․  «Չէինք սպասում, որ իրականում այսքան երիտասարդ եք  և  գեղեցիկ», ավելին՝ ապշել են՝  իմանալով, որ ես ընդամենը 22 տարեկան եմ։

- Կա՞ ինչ-որ կերպար, որի մարմնավորումը դաջվել է Ձեր հիշողության մեջ։

- Բուհն ավարտելիս՝ ավարտական աշխատանքի ընթացքում իմ մարմնավորած հերոսուհին՝ փաստաբան  Կարմենի կերպարը։ Մենք բեմադրել էինք Էդգար Կոստանդյանի «Որբանոց» ստեղծագործությունը։ Կարմենի կերպարին ես նման չէի բնավորությամբ, էությամբ։ Սովորաբար,  ես սիրում եմ մարմնավորել հենց այնպիսի կերպարներ, որոնց հետ ընդհանրություններ չունեմ։ 

- Կա՞ կերպար, որը կուզեիք մարմնավորել։

- Այո՛, կինոյում կուզենայի մարմնավորել Ջեյն Էյրին․ կարծում եմ՝ մենք որոշ նմանություններ ունենք։ Ի դեպ, Ջեյր Էյրի կերպարը մարմավորող  Միա Վասիկովսկայան իմ ամենասիրելի դերասանուհիներից է։ իսկ թատրոնում՝  Ջուլիետին։ Ես պաշտում եմ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունը։ Բուհ ընդունվելիս ներկայացրել եմ Ջուլիետի մենախոսությունը և հաջողել եմ։ Առաջիկայում կուզենամ  մարմնավորել Ջուլիետին։

- Եզրափակելով զրույցը՝  փորձենք պարզել՝ առաջիկայում ի՞նչ կարող է ակնկալել հանդիսատեսը Ձեզնից։ Ի՞նչ նոր կերպարներ եք կերտելու։

- Ես նկարահանվել եմ 16-մասանոց ֆիլմում, որը շատ շուտով կցուցադրվի «Հանրային հեռուստաընկերության» եթերում։ Փակագծերը մի փոքր բացելով՝ պետք է ասեմ՝  ինձ  տեսնելու են լրիվ ուրիշ կերպարում։ Կարծում  եմ, որ մարդիկ կսիրեն իմ մարմնավորած կերպարին։


 Պիտակներ
         Մանե Բոզոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb