Ի՞նչ գին ունի ինֆորմացիան պատերազմական պայմաններում

Տեսանկյուն 10.10.2020   21:30   90

«Քաղաքացու որոշում» ՍԴ կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

|Ի՞նչ գին ունի ինֆորմացիան պատերազմական պայմաններում։

Որպեսզի սրա մասին մոտավոր պատկերացումներ ունենանք, կարող ենք հետևել Ադրբեջանի զինված ուժերի շտաբի պետի մասին համառորեն շրջանառվող լուրերին, թե նա ձերբակալվել է կամ գտնվում է հետախուզման մեջ։

Ադրբեջանցիները, փորձելով բացատրություն գտնել իրենց ձախողված ռազմական արկածախնդրության համար, դրանում մեղադրում են ամենաբարձրաստիճան զինվորականներին, որոնք հարձակման մասին իբր ինֆորմացիա են տրամադրել ռուսական կողմին, որոնք էլ, իբր, այն փոխանցել են հայերին։

Որտեղից է թշնամին հարձակվելու, ինչ սպառազինություն ունի, զորքերն ինչպես ու որտեղ են տեղակայված, ինչ մարտավարություն են որդեգրել, բարոյահոգեբանական ինչ վիճակ է հակառակորդի զորքում, ինչ ազդեցություն ա ունենում թշնամու հրետակոծությունները թիկունքի ու ճակատի վրա։

Սրանք կարևոր տեղեկություններ են, որոնց տիրապետումը թույլ կտա խուսափել ավելորդ զոհերից և հեշտությամբ հաղթել։ Հետևաբար, նման ինֆորմացիան անգին է։ Պետություններն այն ստանալու համար հետախուզական ծառայություններ են ստեղծում, մշտապես ինֆորմացիա հավաքում, վերլուծում։

Էս ֆոնին ինձ, նվազագույնը, անհասկանալի է մնում «WarGonzo» նախագծի հեղինակ Սեմյոն Պեգովի ու «Կոմսոմոլսկայա պրավդա» թղթակից Ալեքսանդր Կոցի (և, կարծես, ոչ միայն նրանց) ներկայությունը ոչ թե Արցախում, այլև հենց առաջնագծում, պատերազմի բովում։

Հիշեցնեմ, որ ըստ մամուլում հրապարակված տեղեկատվության, հենց Կոցի արած ուղիղ հեռարձակումից հետո է թիրախավորվել Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին։ Բայց հարցը նույնիսկ էդ միջադեպը չի, որը կարող էր անզգուշության հետևանք լինել և որը, բարեբախտաբար, զոհերի չհանգեցրեց։

Հարցն էն ա, որ նրանց լրագրողական գործունեություն թույլ է տալիս փաստագրությամբ զբաղվել, որ վաղը կարող է մեր դեմ օգտագործվել։ Ես դեռ մի կողմ եմ դնում նրանց քաղաքացիությունը և ռուսական կողմի բնական հետաքրքրությունը կոնֆլիկտի ու, ընդհանրապես, տարածաշրջանի նկատմամբ։

Ես դեռ մի կողմ եմ դնում փաստը, որ Ռուսաստանն իր շահերի սպասարկման նպատակով բնականաբար զբաղվում է հավաքագրված ինֆորմացիան անհրաժեշտ կողմի հետ կիսելու պրակտիկայով։ Ես նույնիսկ չեմ դիտարկում, որ էս պահին մեր ու Ռուսաստանի կենսական շահերը, կարծես, համընկնում են, իսկ վաղը կարող ա և չհամընկնեն։ Էդ մարդիկ անհատներ են, որոնց ձեռքերում կուտակվում ա թեկուզ չմշակված ու պատշաճ վերլուծված, բայց շատ կարևոր ինֆոմացիա։ Անհնա՞ր է, որ ինչ-որ ժամանակ, որոշակի պայմաններում էդ ինֆորմացիային հասանելիություն ունենալու համար նրանց առաջարկ արվի, որը մերժելը դժվար կլինի։

Կարծում եմ՝ ոչ։

WarGonzo-ն, ընդհանրապես, կոմերցիոն պրոյեկտ է։ Այն հենց փող աշխատելու միջոց է՝ նրանք հավաքագրված ինֆորմացիան վաճառում են լրատվական և այլ ռեսուրսներին։

Նրանց գործունեությունն էնքան ակնհայտ է, որ վստահ եմ՝ պատկան մարմինները ուշադրության կենտրոնում են պահում հարցը։ Էն, որ նրանք շարունակում են իրենց գործունեությունը, հուշում է, որ մեր պատկան մարմինները դրանում վտանգ չեն տեսնում։ Գուցե։

Ուղղակի ինձ անհասկանալի է դա։ Ինձ անհասկանալի ա նաև մեր խորհրդականներից ոմանց (անուններ չտամ, որովհետև երևույթի մասին ա խոսքը), ակնհայտ հիացմունքը գոնե Պեգովի նկատմամբ ու նրա նյութերը տարածելու, լեգիտիմացնելու պրակտիկան։ Մեծ հույս ունեմ, որ իմ մտավախությունները գոյություն ունենալու քիչ հիմքեր ունեն»։



 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb