Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ

Տեսանկյուն 23.01.2021   11:28   76

Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.

«Արցախի հերոս» բարձրագույն կոչում առաջին անգամ շնորհվեց 1997 թվականին՝ Արցախյան առաջին պատերազմի ավարտից ուղիղ երեք տարի անց: Մինչև 2020թ. սեպտեմբերն այդ կոչմանն արժանացան 28 հոգի, որոնցից 26-ը՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման, հայրենիքի պաշտպանության և պետականաշինության գործում ունեցած բացառիկ ծառայությունների, իսկ երկուսը՝ ապրիլյան քառօրյայի ժամանակ Մարտակերտի շրջանի Սեյսուլան գյուղի մերձակա դիրքերը կյանքի գնով պաշտպանելու և հակառակորդի առաջխաղացումն այդ հարվածային ուղղությամբ կասեցնելու համար:

Սեպտեմբերի 27-ին սկսված և 44 օր տևած Արցախյան 3-րդ պատերազմի արդյունքում ստորագրելով «կապիտուլյացիոն» հայտարարություն և հակառակորդին հանձնելով մոտ 10 000քառ./կմ տարածք, Արցախի հերոսի կոչման արժանացան (եթե սխալվեմ, կներեք) 15 հայորդիներ:

Որ երբևէ որևէ մեկը բարոյական իրավունք չունի կասկածի տակ առնելու մեր հերոս և, հատկապես, մարտիրոսված հայորդիների կատարածը և նրանց դրսևորած հայրենասիրութունն ու նվիրվածությունը, գոնե իմ համար՝ միանշանակ է:

Սակայն, դրա հետ միասին, դժվար է համակերպվել այն իրողության հետ, որ մի քանի շաբաթվա ընթացքում պարտվելով և արդյունքում՝ ոչ մի բանի դիմաց, հանձնելով ինչպես ազատագրված տարածքները, այնպես էլ նախկին ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը, կարելի է ունենալ այնքան հերոսներ, որքան հաղթանակի պարագայում մենք ունեցել ենք 26 տարվա ընթացքում...

Իսկ, եթե այս ամենին ավելացնում ենք նաև Հայաստանի ազգային հերոսների և բարձրագույն սպայական կոչումների արտահերթ շնորհման իրողությունները, ապա տպավորություն է ստեղծվում, որ մեք ունեցել ենք ոչ թե խայտառակ պարտություն, այլ «Մեծ հաղթանակ»:

Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ...


 Պիտակներ
         Սենոր Հասրաթյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb