«Հսկաների սալարկուղի», Իռլանդիա

Art News 10.02.2020   21:30   763

Իռլանդական Անթրիմ մերձափնյա շրջանը ողջ աշխարհին հայտնի է յուրահատուկ բնական տեսարժան վայրի շնորհիվ, որը ոչ պաշտոնապես ստացել է «Հսկաների սալարկուղի» անունը։ Վերջինս զարմանալի գեղեցիկ ու ներդաշնակ ժայռային գոյացություն է, որը ձևավորում են ավելի քան 40 հազար բազալտե սյուները։ Այն, որ սյուները ուղիղ արահետով դեպի ծով են գնում, հիշյալ օբյեկտն էլ ավելի գրավիչ է դարձնում։

Արդեն երկար տարիներ Իռլանդիայում լեգենդ է շրջանառվում, համաձայն որի՝ խորհրդավոր արահետը կառուցել է հսկա ռազմիկ Ֆին Մակ Կուլը՝ ծովային հրեշի դեմ պայքարելու համար։ Իսկ ժամանակակից գիտնականները զարմանալի «արահետի» առաջացումը բացատրում են հրաբխի ժայթքմամբ, որը տեղի է ունեցել ավելի քան 50 միլիոն տարի առաջ։

Ներկայումս բնական տեսարժան վայրը գտնվում է Ազգային ֆոնդի պաշտպանության ներքո և Հյուսիսային Իռլանդիայի ամենաշատ այցելվող վայրերից մեկն է։

Բազալտե սյուները, որոնք ձևավորում են արահետը, հստակ վեցանկյուն ձև ունեն, ինչը ստիպում է կասկածել դրանց բնական ծագման մասին։ Իրականում նման ներդաշնակ կոմպլեքսի հիմքում ֆիզիկայի էլեմենտար օրենքներն են։ Ծովի սառը ջրի ազդեցությամբ շիկացած լավան արագ քարացել ու ճաքել է՝ ձևավորելով վեցանկյուն սյուները։ «Հսկաների սալարկուղին» ծովի խորքն է գնում մոտ 150 մետր և ինքնատիպ թմբեր է հիշեցնում։ Սյուներից յուրաքանչյուրի տրամագիծը մոտ մեկուկես մետր է։

Անթրիմի անսովոր բնական այս գոյացությունը եզակի չէ։ Նմանատիպ լավային գոյացություններ կարելի է հանդիպել նաև աշխարհի մյուս ծայրերում։ Դրանց շարքում «Հսկաների սալարկուղին» առանձնանում է հենց ձևի ճշգրտությամբ ու ներդաշնակ տեսքով։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon