«Հրդեհ» հայաստանյան ջերմոցներում

Խմբագրական 28.01.2021   10:05   7504

Հայաստանի ջերմոցային տնտեսությունների առջև ծառացած խնդիրները արագ կարգավորվելու փոխարեն ավելի են սրվում։ Այսօրվա մեր իրականության աբսուրդային  իրավիճակները ցայտուն արտացոլված են այս ոլորտում։
Հայաստանի ներկայիս Կառավարությունը՝ իրեն բնորոշ պոպուլիստական կոչերով ոչ վաղ անցյալում երաշխավորում էր ջերմոցային տնտեսություններով զբաղվողներին պետական աջակցություն, վարկային միջոցների ձեռքբերման ընթացակարգի հեշտացում և այլն, և այլն․․․

Իսկ իրողությունը ոչ թե աբսուրդային, այլ առավել քան տխուր է։

Ըստ կառավարության՝ Հայաստանի տարածքում շահագործվում է ավելի քան 145 հեկտար ջերմատուն: Ընդհանուր ջերմատների և ջերմոցների մակերեսը կազմում է ավելի քան 500 հեկտար:

Գործադիրը նաև ջերմատնային տնտեսությունների զարգացմանն ու ընդլայնման հայեցակարգ ընդունեց՝ իբր զարգացնելու ոլորտը։
Իրականում տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ 

Գազի թանկացմանը զուգահեռ` Հայաստանում գործող բազմաթիվ ջերմատնային տնտեսություններ կամ փակվեցին կամ էլ դրա եզրին են։

Մասնավորապես, արդեն փակվել են «Սևան», «Աղավնատուն», «Դարակերտ» և մի շարք այլ ջերմոցային տնտեսություններ:

Կառավարության անհաղորդ կեցվածքի ներքո ջերմոցատերերը չդիմանալով անհավասար մրցակցությանը՝ հեռանում են Հայաստանից: 

Ստացված գյուղմթերքի բարձր ինքնարժեքի պատճառով նրանք ոչ միայն չեն կարող իրենց ապրանքն արտահանել, ասենք՝ նույն Ռուսաստան, այլև գնալով ամրցունակ են դառնում հայկական շուկայում։

Մասնավորապես՝ կասկածելի որակով և ապօրինի ճանապարհով Թուրքիայից ներկրվող բանջարեղենը՝ ներքին շուկայից դուրս է մղում տեղական արտադրանքը։

Իսկ ոչ վաղ անցյալում բացի «Հաղթելու ենք»-ից, գործող իշխանությունները գոռում էին նաև «Ո՛չ թուրքական ապրանքին» (Հիշեցնենք՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքը կգործի 6 ամիս)։

Փաստացի այսօր պատերազմը տանուլ տված իշխանությունն իր անկարողությամբ տնտեսվարողներին դրդում է բռնել արտագաղթի ճանապարհը։

«Արարատյան դաշտավայրից, բնակլիմայական նորմալ պայմաններ, բերրի հող, բայց մարդիկ նույնիսկ իրենց ջերմոցային տնտեսությունները թողնում, արտագաղթում են Ռուսաստան»,- 1in․am-ին ասել է Արարատի մարզի Գեղանիստ գյուղի ջերմոցային տնտեսության տնօրեն Գագիկ Բաբախանյանը։

Ու ստացվում է ամպագոռգոռ հայտարարությունների ու խոստումների փոխարեն ունենք վերացման եզրին հասցված մի ամբողջ հեռանկարային և ռազմավարական նշանակության ոլորտ։

Քայլ են անում ու վերացնում։ Այնպես ինչպես դա եղավ Ադրբեջանին «նվեր» մնացած ՀԵԿ-երի պարագայում։ 

Անսալով կառավարության հավաստիացումներին, միլիոնավոր դոլարներ ներդրվեցին Արցախում ՀԵԿ-երի կառուցման մեջ։

Ու ի՞նչ եղավ արդյունքում։

Մարդիկ այսօր կանգնած են կոտրած տաշտակի առաջ՝ միայնակ մնալով փակուղային բազմաթիվ խնդիրների առաջ։

Պատերազմը տանուլ տված կառավարությունը խոսում է, իսկ ՀՀ «հպարտ տնտեսվարողները»՝ պարտադրված արտագաղթում։


 Պիտակներ
         ջերմոցներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb