«Հրապարակ». Վանոն արդեն պիտի վաղուց ստեղ լիներ

Մամուլ 31.01.2019   09:40   374

Տարբեր առիթ­ներով սոցիալա­կան ցանցերում, լրատվամիջոցնե­րում բարձրաց­վում է Երևանի նախկին քաղաղապետ, ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, գրող, հրապարակախոս Վանո Սիրադեղյանին Հայաստան վերադարձնե­լու հարցը:

Հեղափոխությունից հետո, հենց առաջին օրերին նման կոչեր հնչեցին, առաջիններից մե­կը խոսեց ՀՀՇ նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը: Ապա «օդում լուրեր» շրջանառվեցին, որ Վանո Սիրադեղյանը Հայաստանից մոտ 500 կիլոմետր հեռավորության վրա է, որ նրա հարազատները նախաձեռ­նել են նրան Հայաստան վերադարձ­նելու հարցն ու անգամ փաստաբան վարձել: Բայց խնդիրն այն է, որ գրե­թե 20 տարի տարագրության մեջ գտնվող Սիրադեդյանն առողջական ու հոգեբանական այնպիսի վիճակում չէ, որ գա և մինչև գործի վերանայումն ընկած ժամանակն անցկացնի կալա­նավայրում:

Վանո Սիրադեղյանի կինը՝ Ռուզան Տոնոյանը, մեզ հետ զրույցում 3 անգամ ասաց. «Չեմ կարող ասել»՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նման իրավական գործընթաց նախա­ձեռնել են, և պարոն Սիրադեդյանն արդյոք ցանկանում է վերադառնալ: Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեդյանն էլ ասաց, որ տեղեկացված չէ՝ իրո՞ք փաստաբան է վարձվել, նման պրոցես կա՞, թե ոչ: Ինչ վերաբերում է հարցին, թե ցանկանո՞ւմ է արդյոք ինքը՝ Արփին, եղբայրը՝ Դավիթը, որ հայրը վերջապես գա, ասաց.
«Իհարկե, ո՞վ չի ցանկանա, որ իր ծնողն իր կողքին լինի: Իմ կարծիքով՝ նա շատ է ուզում վերադառնալ, սակայն իրո­ղությունները թույլ չեն տալիս»: Արփին ամփոփեց. «Հույսեր կապում ենք նոր իշխանությունների արդարադատության հետ: Հույս ունեմ նաև, որ դաժան ժամանակները մնացել են անցյալում»:

Վանո Սիրադեդյանն իր բացա­կայության 20 տարիներին մշտապես ընտրվել է ՀՀՇ վարչության անդամ, հետաքրքրական է՝ ինչո՞ւ են Սիրադեդյանի վերադարձի կոչերը հնչում, ձևակերպվում ոչ թե պաշտոնապես՝ նրա կուսակցության՝ ՀՀՇ-ի և ՀՀՇ-ի իրավահաջորդ ՀԱԿ-ի մակարդա­կով, այլ ընկերների, անհատների: Այս հարցը ՀԱԿ փոխնախագահին և վարչության անդամներին տալ չհա­ջողվեց, քանի որ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը չպատասխա­նեցին: Իսկ ՀԱԿ վարչության անդամ Աշոտ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք բարձրացրել ենք, ես՝ անձամբ, կուսակցության անդամները, կուսակցության վարչության անդամ­ներից ոմանք բարձրացնում են, Արամ Մանուկյանին են հարց տվել, նա է պա­տասխանել, որ անհրաժեշտ է Վանոյի վերադարձը, բոլորս էլ Ֆեյսբուքով, համացանցով քննարկում ենք, բարձրաց­նում ենք, մենք ուրիշ ամբիոն չունենք, որ այնտեղ էդ խնդիրը շոշափվի: Դա լրիվ բավարար է, Ես գտնում եմ, որ կուսակցությունը պաշտոնապես նման հարց չի կարող բարձրացնել»:

Աշոտ Մանուկյանը չգիտի՝ մարդիկ եղե՞լ են, որ Նիկոլ Փաշինյանի հետ այդ հարցը քննարկել են, բայց որպես ամփոփում ասաց. «Վանոյի վերադարձը հրամայա­կան է, դա առաջին անհրաժեշտության հրամայական է, Վանոն ոչ թե պիտի վերադառնա, Վանոն արդեն պիտի վաղուց ստեղ լիներ։ Բայց ստեղ չի»։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Հրապարակ», Վանո Սիրադեղյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon