«Հրապարակ». Փաշինյանը ոսկե ձկնիկի դերում է

Մամուլ 21.04.2021   09:23   46

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը որոշել է թիմակիցներից ոչ մեկի սիրտը չկոտրել, ասել է՝ ովքեր ցուցակում չեն լինի, անգործ չեն մնա։ Ավելին` նա առանձին-առանձին հանդիպում է պատգամավորների հետ, հարցնում, թե յուրաքանչյուրն իրեն որ ոլորտում է տեսնում, ու ոսկե ձկնիկի պես փորձում է բավարարել նրանց ցանկությունները, հաճախ էլ ինքն է ուղղորդում։

Տեղեկացանք, որ Կոտայքի մարզից ընտրված Լիլիթ Ստեփանյանին առաջարկել են մասնակցել Կրթության զարգացման եւ նորարարության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնի մրցույթին, որը կկայանա առաջիկայում։ Ստեփանյանը, որը Սասուն Միքայելյանի «մարդն» է, մինչ պատգամավոր դառնալը Կոտայքի փոխմարզպետն էր, բայց հետագայում, թիմակիցների վկայությամբ՝ տեղափոխվել է ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանի թիմ։

Հիշեցնենք․ ԿԶՆԱԿ-ը տնօրեն չունի, հունվարից ԺՊ է նշանակվել ԿԳՄՍ հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը, որը նախկինում թիվ 198 դպրոցի տնօրենն էր։ Մեզ հետ զրույցում Թորոսյանն ասաց, որ տնօրենի մրցույթ դեռեւս չի հայտարարվել, բայց հայտարարվելու դեպքում մասնակցելու է։

Իսկ Ստեփանյանն իր հնարավոր առաջադրման մասին ասաց․ «Ճիշտն ասած՝ նման քննարկում չի եղել, կարծում եմ՝ այս պահին նման բանի մասին խոսելը շուտ է, որովհետեւ ապագայում ավելի կարեւոր քաղաքական միջոցառում կա, դրանից հետո կտեսնենք՝ ինչ պատկեր կստացվի, նոր կարելի կլինի խոսել իմ անելիքների մասին»։

Եթե պատգամավոր չդառնաք, կմասնակցե՞ք այս պաշտոնի մրցույթին։ «Գուցե հակառակը․․․ Տեսնենք՝ քաղաքական թիմը եւ ես, որտեղ իմ ՕԳԳ-ն ավելի շատ կտեսնենք․․․ Երբ ընտրություններն ավարտվեն, կտեսնենք՝ ով քանի տոկոս կհավաքի, կառավարությունը քանի ուժ կձեւավորի, եւ, ի վերջո՝ կրթության ոլորտն ում պորտֆելը կլինի, այդ ժամանակ կարելի է խոսել»։

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb