«Հրապարակ»․ Ովքե՞ր են պարտադրում մասնակցել հանրահավաքին

Մամուլ 17.02.2021   09:16   45

«Հրապարակ» թերթը գրում է.

«Երեկ ոստիկանությունը հայտարարություն տարածեց առ այն, թե տեղեկություններ կան, որ որոշ գործատուներ իրենց աշխատողներին պարտադրում են մասնակցել հանրահավաքներին, ինչն անթույլատրելի է։ Մենք ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանից փորձեցինք պարզել՝ ինքն է՞լ է իր աշխատողներին պարտադրում կամ կոչ անում մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով միտինգներին։

Հակոբյանը նեղսրտեց հարցից. «Այսքան ժամանակ աշխատում եմ, որեւէ մեկին որեւէ բան ասած կա՞մ»։ «Այսօրվա մարդկանց ոնց ուզում, ինչ ուզում ես, ասա, մեկ է՝ իրենց իմացածով, մտածածով են շարժվում, եւ վերջին հաշվով՝ դա ճիշտ է»։

 Իսկ գուցե Ձեր աշխատողներն առանց պարտադրանքի՞ են մասնակցում, նկատե՞լ եք։ «Ո՞նց եք Դուք կարծում, երբ հոսքագիծն աշխատում է, կարո՞ղ է մեկը մնա, մնացածը գնան։ Ամեն մեկն իր ֆունկցիան է կատարում։ Ես պարապ աշխատողներ չեմ ունեցել եւ չունեմ։ Հոսքագծում մի աշխատողը չեղավ, հոսքագիծը չի աշխատի»։

Կարող են հոսքագիծն անջատել ու գնալ հանրահավաքի, ինչպես 18-ին էին անում։ «Այդ դեպքում, երբ խանութներում գարեջուր չեղավ, չե՞ք գրելու՝ գարեջուր չկա»,- կատակեց նա՝ շեշտելով, որ իր «թեզը» մշտապես եղել է այն, որ սեփական խելքով ընտրություն կատարեն, ոչ թե ինչ-որ մեկի ասելով»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։


 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb