«Հրապարակ». Ծաղկի բիզնեսը խլեցին հանուն Սուքիասյանի

Մամուլ 24.06.2020   09:38   339

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մինչև վերջերս Ֆուտբոլի ֆեդերացիային պատկանող Հանրապետական մարզադաշտի տարածքը շաբաթ-կիրակի օրերին ծաղկի մեծածախ շուկայի էր վերածվում։ Տարածքը տարիներ շարունակ վարձակալել էին ծաղկավաճառները, իսկ հասույթը գնում էր Ֆուտբոլի ֆեդերացիային։ Ծաղիկների բիզնեսի թեման թեժացավ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո։ Դրանով սկսեցին զբաղվել իրավապահները, իսկ ծաղկավաճառներին տանել-հարցաքննելն ընկալվեց որպես Վանեցյանի դեմ իրականացվող քաղաքական հետապնդումների դրսևորում։

Բայց այդ ժամանակ պարզվեց, որ ծաղկի շուկան գործում է ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կնքած պայմանագրի շրջանակներում։ Պարզվեց նաև, որ, բացի քաղաքական նպատակներից, որոշ շրջանակներ նաև տնտեսական շահեր էին հետապնդում։

Մեր տեղեկություններով, ծաղկի, այսպես կոչված, «բիրիքնոցը» մարզադաշտից արդեն մի քանի ամիս է՝ տեղափոխվել է տարբեր տոնավաճառներ, այդ թվում՝ Աէրացիայի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ, ըստ տեղեկությունների, փայատեր է նաև իշխանությունների սիրելի գործարար Խաչատուր Սուքիասյանը։

Ի դեպ, հանուն Սուքիասյանի բիզնեսի, վերջին շրջանում պետական ապարատի աշխատակիցներին վերևներից խորհուրդ են տալիս, որ իրենց դրամային շրջանառությունն իրականացնեն «Հայէկոնոմբանկի» միջոցով։

Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը հայտնեց, որ գործարարին պատկանող Շիրակի 43/2 հասցեում գտնվող ավտոկայանատեղիի մի հատված վարձակալական հիմունքներով տրամադրվել է «ՄԱԳՆԻՏ 2020» ՍՊԸ-ին:  ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ ընկերությունը գրանցված է ոմն Կարեն Մարտիրոսյանի անունով»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում։



 Պիտակներ
         «Հրապարակ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb