Հունվարի 1-ը Գառզուի ծննդյան օրն է

Մարդիկ 01.01.2019   10:29   248

Իբրև նկարիչ՝ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ անշուշտ հայ կմնամ։ Չէ՞ որ մենք ամենքս մեր ժողովրդի բեկորներն ենք։

Ֆրանսահայ նշանավոր նկարիչ, բեմանկարիչ, ֆիգուրատիվ արվեստի վարպետ Գառզուն (Ժան Գառզու, նաև Զուլումյան Գառնիկ Հարությունի) ծնվել է 1907 թվականի հունվարի 1-ին, Հալեպում (Սիրիա): 1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Եգիպտոս։ Կրթություն է ստացել Կահիրեի Գալուստյան վարժարանում, ապա 1924 թվականին կրթաթոշակի շնորհիվ ուսումը շարունակել է Փարիզում։ 1929 թվականին ավարտել է Փարիզի ճարտարապետական դպրոցը, միաժամանակ հաճախել է Մոնպառնասի Գրան Շոմիեր ակադեմիան։ 1929-ին ֆրանսացի նկարիչների ցուցահանդեսում նրա «Ալքազարի հին պարտեզները» նկարը արժանացել է մրցանակի։ 1929-ից սկսած մասնակցել է Փարիզի հայ արվեստագետների «Անի» միության ցուցահանդեսներին։ 1938-ին ստացել է Սուրբ Ֆրանսուա Ասիզեցու անվան մրցանակ։ Նույն թվականին բացել է իր առաջին անհատական ցուցահանդեսը։ 1930-1940-ական թվականներին Գառզուի գործերը ցուցադրվել են «Գերանկախների», «Անկախների» և «Աշնանային» սալոններում։

Գառզուն Հայաստանի ազգային պատկերասրահին և Ժամանակակից արվեստի թանգարանին է նվիրել 400, իսկ ի նպաստ Սպիտակի երկրաշարժից տուժած արվեստագետների՝ 50 գրաֆիկական գործեր։

Գառզուն Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ էր. 1979 թվականին դարձել է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։
Գառզուն հետևել է արվեստի նորագույն միտումներին, ստեղծել ինքնատիպ ոճի բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ։ Այս շրջանի գործերին բնորոշ են կարմիր, կանաչ, կապույտ հյութեղ մակերեսներն ու մութ ֆոները։
Հանրահայտ խորհրդանշական գործերից են՝

  • «Երազների ծովախորշը» (1951)
  • «Վենետիկ» (1953 )
  • «Բուժիվալի լքված պալատը» (1954)
  • «Ապոկալիպսիս» (1957)
  • «Երկաթուղի» (1958),
  • «Երկրային դրախտ» (1959) նկարաշարեր
  • «Լքված նավահանգիստը» (1966) վիմագրություն
  • «Քաղաքը» (1972):

Գառզուն հայտնի է նաև որպես բեմանկարիչ։ Ներկայացումներ է ձևավորել Փարիզի ազգային թատրոնում, Կոմեդի Ֆրանսեզում, Գրանդ օպերայում, Միլանի Լա Սկալայում, որոնցից ուշագրավ են Ժան Ֆիլիպ Ռամոյի «Բարեկիրթ հնդիկներ», Շառլ Ադանի «Ժիզել», Ժան Ռասինի «Գոթողիա», Ժակ Օֆենբախի «Պերիկոլա» և այլ բեմադրություններ։ 

Վախճանվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին:



 Պիտակներ
         հունվարի 1, Գառզու, ԾՆՈՒՆԴՆԵՐ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon