Հովհաննես Շիրազ. «Արծիվն ու աքլորը»

Դասեր 08.08.2020   21:30   229
Ինչո՞ւ չես թռչում, հարցրեց մի օր
Արծիվն աքլորին,
Թե՞ չես կարոտում հեռու, հեռավոր
Մեր սար ու ձորին,
Ինչո՞ւ չես ձգտում մի օր դեպի վեր,
Թե թևավոր ես, ինչո՞ւ չես թռչում։
- Իմ ինչի՞ն էին թռիչք ու թևեր,
Ոչ մի բարձունքի սիրտս չի տենչում.
Այսպես ինձ լավ է, չէ՞ որ ինձ այստեղ
Թե բույնն են տալիս և թե հաց ու ջուր։
 
- Այդ ասա,― ասաց արծիվը շքեղ,-
Այդ մի պուտ ջուրն է երկինքդ մաքուր,
Այդ հաց ու ջուրն է թևերդ պոկել
Ու սիրտդ կապել այս աղբանոցին,
Այդ է, որ կյանքում դու դեռ չես ջոկել,
Թե ինչ է արծիվն, ինչ են հավն ու ցին․․․
 
Ասաց իմ արծիվն ու երկինքը նետվեց,
Ու սավառնում էր ու խորհում էր խոր,
Թե բանաստեղծ չէ ամեն բանաստեղծ.
Ինչպես արծիվ չէ ամեն թևավոր։



 Պիտակներ
         Հովհաննես Շիրազ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb