Հոգեբա՞ն, թե՞ բախտագուշակ

Հոգեբանական 27.03.2020   21:30   259

Նրանց կարելի է անվանել տարբեր անուններով` մոգ, էքստրասենս, պայծառատես, գուշակ և այլն: Անունները տարբեր են, բայց էությունը նույնն է: Դա հնագույն ինստիտուտ է, որը գուշակում են ճակատագիրը, որն էլ առաջացել է մարդկության հետ միասին:
Ի դեպ, Ռուսաստանում կառավարությունը որոշում է կայացրել արգելել բոլոր կասկածելի մասնագիտություն ունեցող անձանց ինքնագովազդը:

Համաձայն վիճակագրության` գուշակների հաճախորդների 80%-ը իգական սեռն է: 

Չափազանց շատ են դիմողները հենց սիրային, ընտանեկան թեմաներ լուծելու նպատակներով: Երկրորդ տեղում իրենց հանրաճանաչությամբ առանձնանում են փողի, բիզնեսի հետ կապված հարցերը:

Համաձայն վիճակագրության` այսօր Հայստանում էլ գործում են հարյուրավոր գուշակներ, «բախտ նայողներ»,  «քարտ գցողներ», «կոֆեյի բաժակ նայողներ» կամ «թուղթուգիր բացողներ կամ փակողներ»: 
Այսօրվա տվյալներով նրանց զբաղվածության շեմը բավակնին բարձր է, նրանց այցելում են հարյուրավոր մարդիկ, և նրանց տարեկան եկամուտն ավելին է կազմում, քան յուրաքանչյուր միջին կամ որոշ դեպքերում նույնիսկ միջինից բարձր աշխատավարձ ստացող հասկանալի մասնագիտության տեր անձի աշխատավարձը: 

Նման անձանցից ոմանք գումար չեն պահանջում, այսինքն իրենց լեզվով ասած, թե ինչքան կվճարես «թողում են քո խղճին», բայց միևնույնն է, հայտնի տվյալներ կան, որ 1000 դրամից պակաս տալն առաջ է բերում նրանց դժգոհությունը, որը վախեցնում է շատերին, քանի որ մտածում են գուշակը նրանց կանիծի, և գործերը կսկսեն անհաջող ընթացք ստանալ իրենց համար: 
Դրա համար մարդիկ աշխատում են ավելի շատ վարձատրել նրանց նույնիսկ այն դեպքում, երբ լսել են այն, ինչ նրանք էլ շատ լավ գիտեին: Ոմանք մարդկանց ազատում են վճարման այդ հարցերի շուրջ երկար-բարակ մտածելուց և կոնկրետ գներ են առաջարկում ցանկացած կատարած աշխատանքի համար:

Գինը շատերը որոշում են տեղում` կախված է հաճախորդի հագուկապից, ավտոմեքենայի մակնիշից և այլն: Կան գուշակներ, որոնք իրենց գովազդում են մեզ շատ հայտնի թերթերում: Մնացածը ընտրում են գովազդի և գների մասին տեղեկացնելու ավելի խորամանկ տարբերակը. նախօրոք բնակչության մեջ շշուկների տարածման միջոցով:

Բոլոր մարդիկ որոշ չափով ներշնչվող են:

Ներշնչանքի ուժը կախված է նրանից, թե մարդու համար ներշնչող անձը որքանով է հայտնի: Բախտագուշակներին հավատում են, քանի որ նրանք ունեն դարերից եկած փորձ, պատմություն: 

Ինչպես առաջ, այնպես էլ հիմա, գուշակները տարբեր են, ոմանք ի ծնե շնորհ ունեն, և իրոք, նրանք ունեն հստակ արդյունք: Այդպիսինները աշխատում են երկար և իրենց գաղտնիքները փոխանցում են իրենց աշակերտներին: Ոմանք խաբեբաներ են, նրանք օգտվում են մարդու միամտությունից, որոնք հավատում են, թե հրաշք է կատարվելու, և բոլոր երազանքները կիրականանան: Մենք բոլորս էլ հավատում ենք հրաշքներին և պատահում է, որ այն իրականում կատարվում է:

Բժշկության մեջ կա այնպիսի մի երևույթ, որը կոչվում է «պլացեբոյի էֆեկտ»: Մարդուն տալիս են սովորական ջուր և ասում, որ դա դեղ է, և այն խմելով` կփրկի իր կյանքը: Մարդը հավատում է, խմում և առողջանում: Նույն ձևով գուշակները մարդկանց տալիս են թալիսմաններ և ներշնչում նրանց, որ այն կբերի հաջողություն և հարստություն:
 Եվ մարդը կրելով այն` զգում է, որ իր մոտ ամեն ինչ լավ է:

Հաջորդ մեխանիզմը, որ օգտագործում են գուշակները, որի հիմքում հենց ընկած է գուշակությունը, դա ինչ-որ տեքստեր են:

Գիտնականները ուսումնասիրել են և այն անվանել ն.լ.ծ.:

Այս մեխանիզմի հիմքում ընկած է այն, որ մարդու ուղեղը կառուցված է ինչպես համակարգիչը: Ավելի ճիշտ համակարգիչը պատրաստված է ինչպես մարդու ուղեղը: Ե´վ  համակարգչին  և´ ուղեղին տալիս են ծրագիր, և դրա հիման վրա կատարվում է գործողություն:

Գուշակները հոգեբանից տարբերվում են իրենց մեթոդներով: Գուշակների մոտ շատ են ծիսակարգերը: Սակայն ծիսակարգերը միայն բավարար չեն, և նրանցից շատերը ունեն հոգեբանական կրթություն, քանի որ հասկացել են որ ծիսակարգերը հարկավոր է ամրապնդել գիտականորեն, որպեսզի ուժեղացնեն իրենց աշխատանքի արդյունքը:
Կա ևս մեկ կարևոր տարբերություն` որոշում ընդունելը: Գուշակները և մագերը այցելուի փոխարեն ընդունում են որոշում, և պատասխանատվությունը վերցնում են իրենց վրա: Իսկ հոգեբանը երբեք այցելուի փոխարեն որոշում չի կայացնում: 
Մարդու համար ամենադժվար բանը դա որոշում կայացնելն է, դրա համար էլ մոգերն ու գուշակները ավելի մեծ պահանջարկ ունեն քան հոգեբանները: Գուշակը այցելուին ասում է. «Ես գիտեմ որն է քո խնդիրը, և ես քո փոխարեն ամեն ինչ կանեմ, դու գնա տուն ես կանեմ այնպես, որ քեզ համար ամեն ինչ լավ կլինի»։ Հոգեբանը ասում է. «Որոշողը դու ես, քո փոխարեն ես ոչինչ չեմ անելու, ինքդ պիտի քո վրա աշխատես»:

 Իսկ մարդ միշտ չէ, որ ուզում է իր վրա աշխատել: Իր համար ավելի հեշտ է պատուհանից թալիսման կախելը:
Կա կարծիք, որ գուշակի մասնագիտությունը վտանգավոր է, և նրա կատարած քայլերը կարող է վատ անրադառնալ հենց իր վրա: Դրա համար էլ կրթված գուշակները այցելուի հետ աշխատում են հոգեբանի նման, որպեսզի իրենց չվնասեն: Հոգեբանը նույնպես պետք է պաշտպանված լինի, որպեսզի այցելուի ցավերն ու հոգսերը իրենը չդարձնի:
Այցելուի համար էլ վտանգը կայանում է նրանում, որ եթե գուշակը կամ հոգեբանը բավականին կրթված չեն լինում, ապա նրանց սխալը նմանվում է չպայթված ռումբի: Եթե վիրաբույժի սխալը երևում է հենց այդ պահին, հոգեբանի և գուշակի սխալը կարող է ի հայտ գալ տարիներ հետո:

Հոգեբանությունը և մագիան երկուսն էլ գործ ունեն ենթագիտակցականի հետ: Խոսքը ծրագրավորում են, իսկ ծրագիրը կարող է մարդուն տանել հաջողության կամ ընդհակառակը` կործանման:
Հարկավոր է իմանալ, որ նույն մասնագետը կարող է տարբեր մարդկանց վրա տարբեր ազդեցություններ ունենալ: Եթե ձեր ընկերուհուն այդ հոգեբանը օգնել է, դա չի նշանակում, որ նա անպայման ձեզ էլ կօգնի: Եթե դիմել եք հոգեբանին, և դա ձեզ չի օգնել, պետք չէ հիասթափվել, գնացեք ուրիշի մոտ, փնտրեք մինչև գտնեք նրան, լսեք ձեր սրտի ձայնը, միայն նա կհուշի ձեզ ճիշտ ընտրությունը: Եթե ձեզ այդ մասնագետի հետ լավ եք զգում, նա ձեզ վստահություն է ներշնչում, ուրեմն դիմեք նրան, ինչպես փնտրում եք ատամնաբույժ, գինեկոլոգ և այլն:
Կարևորը, որ դուք գտնեք լավ մասնագետ, որը կօգնի ձեզ գտնել երջանկության ճանապարհը:
Հոգեբանական խնդիրներ ունեցող մարդիկ ունեն երկու տարբերակ`

  • փնտրում են հրաշքներ և ինչ-որ մոգական դեմք (պայծառատես, գուշակ և այլն) մեղմ ասած կասկածելի մասնագիտություն ունեցող ինչ-որ անձ:
  • անձը զգալով օգնության կարիք, դիմում է որակավորում ունեցող հոգեբան- մասնագետի, սակայն, սրտի խորքում շատերը հույս ունեն, որ հրաշքներով բուժում է լինելու:

Անհրաժեշտ է նշել, որ եթե անձը գիտակցում է, որ ինքը հոգեբանի օգնության կարիք ունի, դա արդեն շատ լավ է. նա արդեն պատրաստ է առողջացման: Մինչդեռ մոգական հրաշագործ վերականգման վրա հույս դնողները հստակ առանձնանում են իրենց խնդիրները լուծելու ներքին հոգեկան ռեսուրսների սպառված կամ անբավարար լինելով:
Գուշակին դիմողներից շատերի հիմնական ցանկությունը ամեն ինչ` ներքին, արտաքին վիճակները, նախկին տեղը վերադարձնելն է: Այսպիսով, գուշակին դիմելու տրամաբանությունը հետևյալն է «ես տառապում եմ, տանջվում, այս ցավն այնքան անտանելի է, որ միայն թե ազատվեմ նրանից, ամեն ինչին կհավատամ»:

Հոգեբանությունը չի ժխտում իսկական տելեպատների, կանխատեսողների ընդունակությունները, որոնք ապացուցվում են մի շարք գիտափորձերի միջոցով, ավելին` հոգեբանությունը ունի դրան նվիրված մերձհոգեբանության առանձին բաժին, որը զբաղվում է նման հարցերի գիտական ուսումնասիրություններով:

Սակայն այսօր իսկական տելեպատների, կանխատեսողների, պայծառատեսների թիվը շատ քիչ է, և հարկավոր է զգույշ լինել խաբեության չմատնվելու համար:

Աղբյուրը՝ www.hogeban.info



 Պիտակներ
         հոգեբան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon