Հնարավորություն կտրվի հետևել գաղտնիք չպարունակող գնումների գործընթացին

Իրադարձային 16.11.2020   15:20   42

«Պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում գործընթացին մասնակցելու հնարավորություն է տրվում  գնումներին մասնակցելու հայտեր ներկայացրած մասնակիցներին, իսկ եթե այդ գնումը պետական գաղտնիք չի պարունակում, այդ դեպքում՝ ոչ միայն հայտ ներկայացրած մասնակիցներին, այլև ՀՀ-ում պետական գրանցում ստացած հասարակական կազմակերպություններին և ԶԼՄ-ներին»,- Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ ներկայացնելով «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին իր և Լիլիթ Մակունցի հեղինակած օրենքի նախագիծը:

Վերջինս նշեց, որ դրանով փորձ է արվում պայմանագրերի կատարման և կառավարման գործընթացներում հակակշիռների ու զսպումների համարժեք մեխանիզմի միջոցով ներդնել հանրային հսկողության թափանցիկ և հրապարակային համակարգ: Օրենքի նախագծի մեկ այլ դրույթով էլ սահմանվում է, որ որևէ անձ չի կարևող մասնակցել գնման գործընթացին, եթե  նրա մերձավորը հանդիսանում է պայմանագրի կողմ, կամ եթե փայաբաժին ունի ընկերությունում:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված 8 օրենքների նախագծերի փաթեթներից քվերակությամբ հաստատվեց միայն վերոնշյալ՝ «Գնումների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը: Մյուս 6 օրենքի նախագծերի քվեարկությունը հետաձգվեց, իսկ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ընդհանրապես հանվեց շրջանառությունից:


 Պիտակներ
         Գնումներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb