Հիշողություն

Հոգեբանական 23.08.2019   23:45   325
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Ավանդաբար հիշողությունը ուսումնասիրում են ճանաչողական պրոցեսների համակարգում, բայց այն ընկած է յուրաքանչյուր հոգեբանական երևույթի հիմքում:

Եթե անջատենք հիշողությունը ճանաչողական ակտից, ապա զգայությունները և ըմբռնումը կապրվեն որպես նոր ծագած, իսկ ինքը` ճանաչողության ակտը և կողմնորոշումը աշխարհում կդառնան անկախ:

Անձը, նրա հարաբերությունները, հմտությունները, սովորությունները, ցանկությունները, հավակնությունները գոյություն ունեն հիշողության շնորհիվ:

Հիշողության հետքերի կորուստը նշանակում է անձի անկում: Արտաքին աշխարհի պատկերները, որոնք առաջանում են գլխուղեղի կեղևում, անհետ չեն կորչում: Նրանք թողնում են հետք, որը կարող է պահպանվել երկար ժամանակի ընթացքում:

Հիշողության շնորհիվ ընդլայնվում են մարդու ճանաչողական հնարավորությունները:

Հիշողությունը անհատի կողմից իր նախկին փորձի մտապահումը, պահպանումը և հետագա վերարտադրությունն է: Այն հոգեկան արտացոլման բարդագույն ձևերից է և նրա ոչ միայն նկարագրումը, այլ նաև բացատրությունը ժամանակագրական առումով ամենահինն են համարվում հոգեկան այլ պրոցեսների ուսումնասիրությունների հետ համեմատած:

Հիշողությունը որպես ճանաչողական պրոցես մասնակցում է մարդու կյանքին և գործունեությանը, և նրա տեսակների դասակարգումը պետք է անպայման կապված լինի դրանց հետ և պայմանավորված լինի դրանցով: Ըստ այդմ հիշողության բոլոր տեսակները առանձնացվում են երեք հիմնական չափանիշների հիման վրա.
1. ըստ գործունեության մեջ գերակշռող հոգեկան ակտիվության բնույթի հիշողությունը լինում է շարժողական, հուզական, պատկերավոր և բառատրամաբանական,
2. ըստ գործունեության նպատակների բնույթի լինում է կամածին և ոչ կամածին,
3. ըստ նյութի ամրապնդման և պահպանման տևողության լինում է կարճատև, երկարատև և օպերատիվ:

  •  Շարժողական հիշողությունը տարբեր շարժումների և նրանց համակարգերի մտապահումը, պահպանումը և վերարտադրությունն է: Այս տեսակը ոմանց մոտ շատ է զարգացած: Այն հսկայական նշանակություն ունի գործնական և աշխատանքային հմտությունների ձևավորման և զարգացման համար: Առանց շարժողական հիշողության մենք ստիպված կլինեինք նույն հմտությունը, շարժումը ամեն անգամ սովորել: Սրա ցուցանիշներն են ճարպկությունը, աշխատանքային ընդունակությունների առկայությունը, «ոսկե ձեռքերը»:

Հուզական հիշողությունը զգացմունքները հիշելու ընդունակությունն է: Հույզերը մեր գործունեության մեջ կարգավորիչ դեր ունեն և ազդանշան են տալիս մեզ, թե ինչպես վարվենք տվյալ իրադրության պայմաններում: Նրանք մեզ մղում են տվյալ գործունեությունը իրականացնելու կամ էլ ետ են պահում մեզ նրանից, այդ պատճառով այս տեսակը ևս շատ կարևոր է մարդու համար: Հուզական հիշողությունը կարող է մնացած տեսակներից ավելի ուժեղ լինել: Ապրված հույզից մնում է տպավորությունը, զգացմունքը, որոնք սակայն առարկայազուրկ չեն:
Պատկերավոր հիշողությունը մտապատկերները, բնության և կյանքի պատկերները, ձայները, հոտերը, համը առարկայորեն հիշելու կարողությունն է: Այն լինում է տեսողական, լսողական, հոտառական, շոշափելիքի և ճաշակելիքի: Եթե տեսողական և լսողական տեսակները որոշ չափով զարգացած են բոլոր նորմալ մարդկանց մոտ, ապա մյուս երեքին կարելի է անվանել հիշողության մասնագիտական տեսակներ: Պատկերավոր հիշողության տեսակները առանձին ձևով զարգացած են լինում նաև այն դեպքում, երբ պետք է փոխհատուցեն այլ տեսակների բացակայությունը կամ թերզարգացվածությունը:

Պատկերավոր հիշողությունը լավ զարգացած է լինում հատկապես գեղարվեստական մասնագետների մոտ, որոնք առավել աչքի են ընկնում էյդետիկական հիշողության գերակայությամբ: Այս անվանումը առաջացել է հունարեն էյդոս բառից, որը նշանակում է պատկեր: Էյդետիկ կամ ակնառու պատկերները արտաքին գրգռիչների կողմից զգայարանները գրգռելու պատճառի առաջացրած լրացուցիչ հետևանքներն են: Նրանք մտապատկերների նման են, բայց նրանց բացակայության ժամանակ հանդես են գալիս անասելի մանրամասնություններով: Կարելի է կարծել, որ էյդետիկի նման կա նաև պայծառ լսողական, նույնիսկ` շոշափելիքի հիշողություն:
Բառատրամաբանական հիշողության բովանդակությունը մեր մտքերն են: Ինչպես գիտենք, միտքը առանց լեզվի գոյություն ունենալ չի կարող, այդ պատճառով այս տեսակը կոչվում է բառային-տրամաբանական: Մտքերի վերարտադրությունը կարելի է կողմնորոշել կամ դեպի նյութի հիմնական մտքի հաղորդումը կամ բառացի ձևակերպումը, և եթե վերջինիս դեպքում նյութը իմաստային մշակման չի ենթարկվում, ապա նրա յուրացումը ոչ թե տրամաբանական, այլ` մեխանիկական մտապահում է: Բառատրամաբանական հիշողության մեջ գլխավոր դերը պատկանում է երկրորդ ազդարարային համակարգին: Հիշողության այս տեսակը, ի տարբերություն մյուսների, հատուկ է միայն մարդուն: Հենվելով մյուս տեսակների վրա այն առաջատար է դառնում մյուսների նկատմամբ, և նրա զարգացումից է կախված մյուս տեսակների զարգացումը:

Հիշողությունը կամածին և ոչ կամածին տեսակների բաժանվում է կախված գործունեության նպատակներից: Այնպիսի մտապահումը և վերարտադրությունը, որոնցում բացակայում է ինչ որ բան մտապահելու կամ մտաբերելու հատուկ նպատակը` կոչվում է ոչ կամածին: Այն դեպքում, երբ այդ նպատակադրումը կատարվում է հիշողությունը կոչվում է կամածին: Այս դեպքում մտապահման և վերարտադրման պրոցեսները հանդես են գալիս որպես հատուկ մնեմիկական գործողություններ: Հիշողության այս երկու տեսակները իրենցից ներկայացնում են նրա զարգացման երկու հաջորդական աստիճանները:

Մեզանից յուրաքանչյուրը գիտի, թե ինչ մեծ նշանակություն ունի ոչ կամածին հիշողությունը մեր կյանքում, քանի որ նրա հիման վրա առանց մնեմիկական մտադրությունների և ջանքերի ձևավորվում է մեր փորձի մեծ մասը: Սակայն, կյանքում հաճախ է անհրաժեշտություն առաջանում ղեկավարել մեր հիշողությունը` նպատակադրված ձևով սովորել և վերհիշել անհրաժեշտ նյութը, որն էլ հենց կամածին հիշողության շնորհիվ է հնարավոր լինում: 

  • Կախված պահպանման տևողությունից` տարբերում են կարճատև, երկարատև և օպերատիվ հիշողությունը: Հիշողության այդ տիպերի առկայությունը հաստատվում է ինֆորմացիան պահպանող տարբեր հետքերով: 

Կարճատև հիշողությունը կապում են նյարդային համակարգում տատանումների բիոէլեկտրիկ կոնտուրների հետ, երկարաժամկետը` ՌՆԹ-ի սպիտակուցի կառուցվածքի փոփոխման հետ: Կարճատև հիշողությունը բնութագրվում է կարճ ժամանակում մտապահելով, երբեմն միանգամյա և շատ կարճ ըմբռնումից հետո: Հիշողության գործընթացները ուսումնասիրելիս հատուկ ուշադրություն է դարձվում մտապահման սկզբնական փուլի և հիշողության հետքերի հենց առաջացման պահի վրա: Որպեսզի նյութը ամրապնդվի, այն պետք է վերամշակվի սուբյեկտի կողմից, իսկ սա որոշակի ժամանակ է պահանջում: Դրան անվանում ենք հետքերի կոնսոլիդացիայի ժամանակ:

Սուբյեկտի կողմից այս պրոցեսը ապրվում է որպես արձագանք հենց նոր տեղի ունեցած իրադարձությանը, որը իր դրսևորումն է գտնում հետևյալ արտահայտություններում. աչքիս առջև է, հնչում է ականջումս և այլն: Այս պրոցեսները անկայուն են և շրջելի, հետքերը շուտ են ջնջվում, բայց դրանց դերը շատ մեծ է, և սա դիտվում է որպես կարճատև հիշողություն: 

Երկարատև հիշողությունը նյութի երկարատև պահպանումն է, որը որպես կանոն, պայմանավորված է բազմաթիվ կրկնումներով: Երկարատև հիշողության բովանդակությունը կազմում է այն նյութը, որը սուբյեկտի համար ունի ստրատեգիական նշանակություն: Կարճատևի անվանման մեջ ամփոփված է հիշողության ժամանակային նկարագիրը, և թվում է, թե այն կապ չունի գործունեության հետ, բայց այդ կապը ակնհայտ է, քանի որ նրա երկարատև կրկնումները նյութը տեղափոխում են երկարատև հիշողության ոլորտ: Կարճատև հիշողությունից տարբերում են օպերատիվը:
Օպերատիվ հիշողությունը մտցված է գործունեության կարգավորման մեջ` նրա միջանկյալ արդյունքները պահելու համար: Այն ենթադրում է օբյեկտների ըմբռնում գործողությունների կատարման, պատկերի և ամբողջ իրադրության կարճատև պահման, ինչպես նաև նրանց փոփոխման ժամանակ:

Օպերատիվ հիշողության տվյալները, որոնք կապված են ըմբռնման հետ, լրացվում են տվյալներով, որոնք պահվում են երկարատև հիշողության մեջ: Օրինակ, խնդիր լուծելիս մենք որոշ միջանկյալ արդյունքներ պահում ենք հիշողության մեջ, իսկ հաջորդ քայլերին անցնելիս նախորդ արդյունքների փոխարեն մտապահվում են այլ տվյալներ: Սա էլ հենց օպերատիվ հիշողությունն է: Այն տարբեր է մյուս երկու տեսակներից, բայց նրանց շփման կետն է հանդիսանում` կատարելով «բանվորական խառնուրդի» դեր:

Աղբյուրը՝ hogebanutyun.am


 Լուսանկարներ


 Պիտակներ
         հոգեբանություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon