ՀՀ քաղաքացիները Հոնկոնգի շրջանում կարող են առանց մուտքի վիզայի մնալ 30 օր

Քաղաքական 24.01.2019   13:14   326

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 24-ի նիստում որոշում կայացրեց փոխադարձության սկզբունքի հիման վրա՝ Չինաստանի Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիների համար սահմանել առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ:

Ըստ այդմ, Հոնկոնգի հատուկ վարչական շրջանի անձնագիր կրող քաղաքացիներն առանց մուտքի վիզայի կարող են գտնվել ՀՀ տարածքում` «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերություններն ու բազմակողմ համագործակցության դինամիկան տարեցտարի արձանագրում է նոր առաջընթաց: Ավելանում է տարածաշրջանից, ինչպես զբոսաշրջային, այնպես էլ գործնական նպատակներով Հայաստան ժամանողների թվաքանակը: ՀՀ և ՉԺՀ միջև ներկայումս քննարկվում է ուղիղ չվերթներ սկզբնավորելու հարցը: Բացի այդ, առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ բանակցություններ են սկզբնավորվել Չինաստանի հետ: Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիների Հայաստան այցելության հիմնական նպատակն է զբոսաշրջությունը և ներդրումները: Որոշումն ընդունելուց հետո հայկական կողմը հայտագրերի միջոցով Չինաստանի Հոնգկոնգ ՀՎՇ-ի հետ կհստակեցնի միմյանց տարածքներում իրենց քաղաքացիների գտնվելու թույլատրելի ժամկետները:

Որոշման ընդունումը թույլ կտա ՀՀ և ՉԺՀ Հոնգկոնգ ՀՎՇ անձնագիր կրող քաղաքացիներին մուտք գործել միմյանց տարածքներ և մնալ այնտեղ ներքին օրենսդրությամբ սահմանված ժամկետներում առանց մուտքի վիզա ձեռք բերելու:

Միաժամանակ, ռեժիմի փոխադարձ կիրառումը ոչ միայն կնպաստի զբոսաշրջության խրախուսմանն ու խթանմանը, այլև կդյուրացնի ՀՀ քաղաքացիների գործարար և աշխատանքային գործունեությունը Չինաստանում:

Որոշման նախագիծը նպատակ է հետապնդում աշխուժացնել Հոնգկոնգ ՀՎՇ-ից Հայաստան զբոսաշրջային ներհոսքի ավելացումը, ինչպես նաև առևտրատնտեսական կապերը:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները Հոնկոնգի շրջանում կարող են առանց մուտքի վիզայի մնալ 30 օր, իսկ Հոնկոնգի հատուկ շրջանի քաղաքացիների համար ՀՀ տարածքում մնալու 180-օրյա ռեժիմ է սահմանվում:



 Պիտակներ
         կառավարություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon