ՀՀ նախագահ․ «Այսօր Արցախում սկսվում է պետականաշինության հերթական փուլը»

Իրադարձային 21.05.2020   12:33   89

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սոցկայքի իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր Արցախի Հանրապետությունում սկսվում է պետականաշինության հերթական փուլը։

Իր պարտականություններն է ստանձնում Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

Այսօր նաև իր առաջին նիստն է գումարել Արցախի Հանրապետության 7-րդ գումարման նորընտիր Ազգային ժողովը։

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահին և նորընտիր պատգամավորներին ևս մեկ անգամ շնորհավորելուց առաջ նախ ցանկանում եմ շնորհավորանքներս հղել Արցախի քաղաքացիներին՝ ժողովրդավարության հերթական հաղթանակի համար, հաղթանակ, որը ինքնիշխան պետականության ամրապնդմանն ուղղված ևս մեկ քայլ է։

Այլևս անշրջելի իրողություն է, որ Արցախի Հանրապետությունը կայացած ժողովրդավարական պետություն է։ Փաստացի գտնվելով չավարտված պատերազմի մեջ՝ նա վերստին ապացուցում է, որ ունակ է յոթերորդ անգամ կազմակերպել խորհրդարանական և վեցերորդ անգամ՝ նախագահական ընտրություններ։ Դրանով իսկ ամեն անգամ ավելի ու ավելի են ամրապնդվում պետական և ժողովրդավարական ինստիտուտներն Արցախում։

Արցախի քաղաքացիների հետ միասին դրանց կայացման մեջ մեծ ներդրում ունի այսօր իր նախագահական լիազորություններն ավարտող Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանը։ Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել նրան։ 2007 թվականից ստանձնելով Արցախի նախագահի պաշտոնը՝ նա պետական պատասխանատու գործչին հարիր և արցախցուն բնորոշ կամային հատկություններով արժանապատվորեն առաջնորդեց Արցախի Հանրապետությունը։ Հուսով եմ, որ պարոն Սահակյանը կշարունակի մասնակցությունն Արցախի հզորացման գործին՝ իր փորձն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին»:



 Պիտակներ
         Արցախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon