Հետմահու գողը․ Կարեն Միրզոյան

Մտորման համար 08.04.2021   20:00   52

Յուրան գողական տղա էր: Ու միայն Չերեմուշկայի ջահելությունը չէ, որ համոզված էր դրանում: Ողջ քաղաքի ճիշտ ապրողների համար դա ոնց որ երկու անգամ երկուսը չորս կանի:

-Դա կյանքն ա, ախպե՛ր, ճիշտ կյանքը: Դո հո էնպես՝ խոսալով չի,- հնարավորինս մեծավարի հավաստում էին իրար նրա երկրպագուները, որոնց մեջ քիչ չէին բարձր դասարանների աշակերտները, որոնք էլ իրենց նեղացնող մյուս երեխաների վրա մարդ էին բերում՝ ի դեմս Յուրայի, երբ ստրելկա էին դնում:

Կայացող ռազբորկաներին մեծ ախպերը գալիս էր իր հռչակավոր՝ լոթ-լոթի քայլվածքով՝ սրունքները հնարավորինս աջ ու ահյակ շպրտելով. պպզում էր, տարատեսակ դաջվածքներով (ամբաղտ տղա, Նելլի, Туз, և сын Кавказа)՝ զարդարուն ձեռքերը ծնկներին երկարած, տեսադաշտը փակելու աստիճան կախ էր գցում գլուխն ու տակից ճակատը գցած աչքերով ատամների արանքից արհամարանքով սկսում նաեզդ անել:

Ճակատին՝ զույգ ունքերից քիչ բարձր, երկու սպի, որ տարբեր ժամանակներում դրոշմվել են բաժակի հարվածներից. նրանցից մեկը հիշեցնում էր անգլերեն L տառը, մյուսը՝ i տառը: Ընդ որում, ձախ ունքի վրայինը Մուխինայի՝ 200 գրամանոց բաժակի հետքն էր, որ կպել էր տակի կողմից՝ լավ քիփ, ինչի պատճառով էլ L-ի էր նման ու L-ն էլ մեծատառ էր: Յանդեքսի Գագոն ասել էր, որ Բրյուս Լիի ազգանունն էր Լի, բայց համեմատությունը Յուրային դուր չէր եկել:

-Սրանք ե՞ն,-այսպես էր սկսում սովորաբար: Մի երկու անգամ, սակայն, խիստ անհարմար վիճակի մեջ էր հայտնվել համապատասխան հակադարձումից հետո. մի անգամ էլ, նույնիսկ, միայն ահռելի ճիգերի գնով ու նվաստանալով է հաջողացրել կոծկել կոնֆլիկտը՝ գրկելով ու համբուրելով դուխով ախպերիկին՝ Գոմեշի քրոջ որդուն՝ նրան գողական փայլուն ապագա կանխագուշակելով. պատանին գոռացել էր՝ «Դու Մուկիկ չես, է՜, դու սուկիկ ես». ու առաջին անգամ երևի թե վերջին քսան-քսանհինգ տարիների ընթացքում Յուրան վշտից… երկու օր չէր չխմել. Յուրան՝ Պողպատե լյարդը, ինչպես նրան թունոտ մեծարում էր թաղային տեսուչ Ռաֆիկը:

-Ախպե՜ր, ես իրեք սրոկ նստել եմ,- որևէ բան ասելուց առաջ, սովորաբար, մի այսպիսի մուտք էր հետևում, որից հետո նոր անցնում էր բուն ասելիքին՝ համեմելով այն յուրօրինակ և չափավոր հայհոյանքներով: Ու գրեթե ամեն անգամ էլ վերջում թզբեհը խաղացնելով, հավելում էր.

-Մի օր էլ, լավ էլ արևոտ օր էր, հիշում եմ, պռագուլկին պրյամոյ մոտեցել ու բարևել եմ քերոբին [1], բարև առել,- ու հետն էլ թեթևակի հետուառաջ էր գցում գլուխը՝ ի ափսոսանք անցած-գնացած օրերի:

Կլլված մի քանի բաժակ օղուց պղտորված հայացքներով ծխի թանձր մեգի խորքից անշտապ, շինծու լրջությամբ պատանիները նայում էին Յուրային: Արժանապատվության զգացումով առլեցուն, ինքնավսահության ճիգերից ավելի արտահայտիչ էր նրանց տեսքում անսքող դյութանքը: Իհարկե, ոմանք նյույնիսկ երազում էին նմանվել նրան:

Ու զարմանում էին, որ Յուրան օրենքով գող չէր, այլ՝ ընդամենը մի հարիֆ [2], սակայն, անտարակույս, շատ հարգելի հարիֆ, որոնց մասին, սովորաբար, ընդունված է ասել՝ ավտարիտետ (միայն այն, որ Յուրան, ըստ տարածված կարծիքի, զոներում միշտ էլ отрицала [3] է եղել, շատ բանի մասին էր խոսում):

Յուրահատուկ կենսակերպը, որին իր նման շատերի պես դատապարտված էր Յուրան՝ քմահաճ հասարակությունից մերժված լինելով, նրա համոզվածությունն իր կոչման մասին տարիների հետ ավելի ու ավելի խորացրեց ու ամրապնդեց (ի վերջո, յուրաքանչյուրս էլ ինչ-որ բանից կառչում ենք, իսկ Յուրան ապրում էր մի քաղաքում, որտեղ մեծ թվով կանայք իրար հետ գնալ-գալ ունեին ոչ թե այն պատճառով, որ իրենց ամուսինները միասին էին աշխատում, այլ՝ որ միասին էին նստած), սակայն նույն այդ դաժան ու աննպատակ կենսակերպը նրան ժամանակի ընթացքում զուգահեռաբար ավելի ու ավելի էր ցած գլորում:

Բանը հասել էր այնտեղ, որ Երևանից եկող հովեկ պատանիները նրան «հավ գողցող» ու «դիշյովկա» էին անվանում: Գավառի ձանձրույթն այս չարաճճիներին երբեմն դրդում էր չար կատակների. սրանք պարբերաբար Յուրային էին հասցնում քսիվաներ [4]՝ իբր ուղարկված Կոշից կամ Գորիսի բանտից, որոնցում ախպերությունը մի գլուխ նրա արժանիքներից էր խոսում:

Այնպես որ, մանավանդ արդեն վերջին ժամանակներում, երբ մի աննշան առիթից դժգոհում էր, ինչպես միշտ՝ քեֆը լավ, ձեռքերը ջղաձիգ տարածում էր, ասես պատրաստվելով ծափ զարկել, սեղմում էր ատամներն ու բղավում.

-Արա՛, ես գողական տղա եմ, է՜, իմ տանձին չի, կխփեմ, կգնամ՝ կնստեմ,-թեկուզ դիմացը կին լիներ (չնայած և նրա մասին ասում էին, որ նադայել է արել, էնքան մուֆթա դանակ է հանել):

-Արա, Յուրա՜, դու դե՜մք ես,-հռհռում էին երևանցիներն ու ասում, որ նա պիտի որ վաղուց գողական թագ ունեցած լիներ:

Մենակ էր ապրում Յուրան: Ոչ ոք չուներ: Մայրը մահացել էր, երբ ինքը երրորդ անգամ դատվեց, իսկ մինչ այդ էլ հայրն էր անհետ կորել Ռուսաստանում: Մի հորեղբայր միայն՝ հեռավոր լեռնային գյուղում, որ երբեմն-երբեմն նրա համար բերում էր լավաշ, պանիր, էլի ինչ-որ բան ու թղնում Յուրայի հարևանի տանը, որովհետև սա արդեն իջած էր լինում զբոսայգու կողմերը («Հը՜, բուլվարի բանալիները ձեռդ ա, հա՞, գնում ես բացե՞ս-հարցնում էր սովորաբար առավոտները կորամեջք ծերունին՝ աղբահավաք Սուրենը»): Իսկ երբ մի անգամ հորեղբայրը կարողացել էր տանը բռնացնել Յուրային, փորձել էր համոզել՝ տեղափոխվել իրենց մոտ՝ գյուղ:

-Է՜, հոպա՜ր,-ներողամտաբար ժպտացել էր Յուրան,-քաղաք կա՜, աբրած կա՜, դրվածք կա՜, պալաժենի կա՜:

Հետո էլ, ոտը ոտին գցած ու քթից դուրս բերված ինչ-որ մածուցիկ զանգվածից բթամատի ու ցուցամատի շփումով գնդիկներ սարքելով, ավելացրել էր.

-Չնայած, տե՛ս, եթե ուզում եք ձեր հետ ապրեմ՝ տարեկան մի հարյուր հիսուն լիտր արաղ քաշի՝ կգամ՝ համ գյուղին կնայեմ, համ էլ ձեր հետ կմնամ:

Կամ, եթե մի երկու շիշ ժամանակին հասցնում էին կպցնել, գնում էին քաղաքի ծերի այգիները՝ եղինջ կոլոլելու, կամ էլ զբոսայգու մի խուլ անկյունում են ոտի վրա խնձորով մի շիշ խմում: Իսկ ձմռանը հավաքվում էին Չերեմուշկայի կաթսայատանը: Այս դեպքում օգնությունը գալիս էր երկրպագու պատանիներից, որոնց համար ավտարիտետների պախմելի անհրաժեշտությունը, բնականաբար, ավելի կարևոր էր, քան դասերը, որոնցից նրանք ծլկում էին՝ մինչ այդ մի երկու դասաժամ շիշը թաքցրած պահելով պայուսակում: Նրանցից շատերն արդեն հասցրել էին բազմաթիվ անգամներ գնդակ, հեծանիվ ու հավ գողանալ:

-Նամուսը տալիս են շանը, չի ուտում,-հիշեցնում էր Յուրան ու քաջալերում նրանց, ովքեր անթաքույց հպարտանում էին, որ մի փութ աղուհաց են կիսել Մուկիկի, Իբիշի, Ջալաղի, Քաչալի ու այլոց հետ, որոնց անկեղծ սերն առ «փոքր ախպերները» արտահայտվում էր նրանց հետ շուրթ-շուրթի համբույրով, երբ դատարկում էին հերթական կենաց-բաժակները, ինչից հետո «մեծ ախպերները» հյուրասիրում էին նրանց՝ մի կտոր աղ դրած կանաչ պոմիդոր կամ թթու դրած վարունգ, իսկ Յուրան էլ յուրահատուկ կերպով ծաղկացնում էր արանքում՝ արտասանելով իր հնարած բանաստեղծությունը.

Կուճի մարդիկ ամեն օր

Կուտեն կանաչ պոմիդոր:

Իրադարձություններով հարուստ օրվա վերջում (սովորաբար, օրվա ընթացքում ուտուշ-խմուշը շարունակվում էր ուրիշ մի քանի վայրերում ևս) Յուրան վերադառնում էր ծնողներից մնացած միսենյականոցը: Մի հին՝ ВЕСНА մագնիտոֆոն ուներ, որ պահում էր աչքի լույսի պես և որ հրաշքով հասել էր մինչև 21-րդ դար: Մի ձայնապնակի վրա հավաքել էր իր սիրած երգերը. «Հիսուն տարիս», «Դառնացել է այս աշխարհը», «Իմ պատճառով մարդ չի լացել», «Հեռանում եմ այս աշխարհից»: Լսում էր Յուրան ու արտասվում: Ամեն անգամ էլ պատկերացնում էր իր թաղումը՝ յուրաքանչյուր անգամ հավելելով նոր մանրամասներ ու մասնակից անելով նորանոր մարդկանց:

Այդ օրը սցենարը վերջնական տեսքի եկավ:

Կեսգիշերից քիչ առաջ սովորականի պես քեֆը լավ մտավ տուն, լիտրանոց բաժակով ջուր վերցրեց ինչպես միշտ ու դրեց անկողնու մոտ, միացրեց մագնիտոֆոնն ու փլվեց մահճակալին:

-Դառանացե՜լ է այս աշխարհը,-ազդարարվեց օրվա նոր՝ երանելի փուլի սկիզբը, և Յուրան, բանի տեղ չդնելով առաստաղով այսուայնկողմ անող երկու միջատներին, բավականությամբ փակեց աչքերը:

… Քաղաքի բոլոր փողոցներում մայթից մայթ ձգված սև պաստառները գուժում են՝ «Յուրա-51»… խիստ մարդաշատ է իրենց «Խրուշչյովկայի» [5] բակը, թիվ ու համրանք չկա մարդկանց: Անհաշիվ ԳԱԶ-31-ներ, Մերսեդեսներ, Ջիպեր ու… օրենքով գողերն են եկել իրեն վերջին հրաժեշտը տալու. Չոքը, Սքեն, Մնջո Ռաֆը, Ճլե Սամսոնը, Փառիկ Մանուկը, Թլիկ Բաբոն, Ջափին, Ծիպո Վարդգեսը, Սվոն, Ճիպանիկը, Գոգի Բադալը, Խաթունի Կարոն, Գիժ Կարլենը, Վզգոն, Օբոնը, Ռոն, Գոգան, Սինոկ Հրանտիկն ու Վաչիկոսը, Դքի Նորոն ու Սիրուն Ֆելոն (թեկուզ վերջին երկուսը գող չէին, բայց հաշվի առնելով նրանց երբեմնի հսկայական ազդեցությունն ու հեղինակությունը, համաձայնեց, որ նրանք էլ ներկա լինեն): «Ախպեր, դիփը ստեղ են»,-ձեռքերը գլխի տակ, բավականությամբ մտածեց առաստաղին նայող Յուրան. իհարկե, կային նաև ռուս, վրացի, չեչեն գողերից … բոլոր ազգերի երևելիները: Այդ նրանց ցուցումով է կափարիչին ոսկեջրած խաչ ունեցող դագաղը կաղնու փայտից:

-Լավ տղա էր Յուրան. Յուրան մա՜րդ էր, ափսո՛ս, գնա՜ց,-ասում էին նրանք և օրորում գլուխները:

Ճիշտ այդ պահին սկսվել էր «Հեռանում եմ այս աշխարհից» երգը, ու մահճակալին պառկած Յուրան, որ առատ արտասուք էր արտազատում՝ ձեռքերը կրծքին ծալած, հստակ պատկերացրեց, թե ինչպես են տանում դագաղը (իհարկե, գողերն էին տանում, ինքն էլ՝ փոխնիփոխ), ու թե ինչպես է մեղմիկ զեփյուռը շոյում իր ճակատն ու ծածանում ճերմակած մազերը: Ամբողջ ճանապարհին, մինչև գերեզմանատուն, ուղղաթիռից տասնյակ հազարավոր մեխակներ են թափվում դագաղի ուղղությամբ:

Գերեզմանատանը սև հագած բազմահազարանոց թափորը լուռ արտասվում էր «Հովերն ելան»-ի տակ, որ կատարում էր անձամբ Լևոն Մադոյանը: Մեկը մյուսին հաջորդելով՝ խոսում են Յուրայի տեսած կամ որոնց մասին թեկուզ երբևէ լսած կարևոր ու հարգարժան դեմքերը (միայն դասղեկ ընկեր Վարդանուշն էր ձենը գլուխը գցել ու ղժժում էր՝ փետելով մազերը, որի վրա խոժոռ ու մռայլ ոլորում էին իրենց արտասվալից ու բարկացայտ աչքերը բոլոր խոսողները.-Կազյո՛լ,-չէր ներում նրան Յուրան, չէր կարողանում մոռանալ ցավն ու ստորացումը, որ պատճառել էր նա իր մատները քանոնով ծեծելով. ու այդ ամենը՝ Նելլի ներկայությամբ):

Արցունքներ, ափսոսանք, խորը կսկիծ, որ պատել է ողջ աշխարհը: Հիմա են միայն բոլորը զղջումով հասկացել, թե ինչքա՜ն լավն էր Յուրան: Նույնիսկ, չնայած արևոտ եղանակին, հանկարծ սկսում է ձյուն տեղալ:

Քաղապետն էլ էր եկել: Շրջում էր նվաստացած ու մեղավոր հայացքով դես ու դեն, բայց ոչ ոք նրա վրա ուշադրություն չէր դարձնում: Տղերքը դժգոհ էին նրանից, որ չկարողացավ պահպանել Յուրային: Ու մանթո կտրած, քայլում էր այս ու այն կողմ՝ փողկապը քամուն, ետևից՝ իր աշխատակազմը՝ իր պես շիվար, որոնց նա անվերջ ցուցումներ էր տալիս. «Լավաշը՝ ընտիր տեսակի, ձուկը՝ ասետրինա… ի՜նչ Վեդի Ալկո, կամ՝ Սմիռնով կամ Ռասպուտին. կոնյակ էլ դրեք, իկրան՝ սևից»:

Միլիցիայի ողջ անձնակազմը, պետի գլխավորությամբ, կանգնել էր հեռվում և սիրտ չէր անում մոտ գալ. երես չունեին, շատ էին նեղել Յուրային, միշտ լարում էին զբոսայգուց (ներկա էին նաև վաղուց այն աշխարհն անցած մի քանի հին միլիցիոներ, որ կաս-կարմիր դեմքները հառել էին գետնին):

-Մուսըռնե՛ր,-մրմնջաց Յուրան՝ հիշելով նաև ուչաստկովի Ռաֆիկին:

Սև կոստյումով մարզպետը կանգնել էր Յուրայի հորեղբոր կողքին, գրկել նրա ուսը և ժամանակ առ ժամանակ մյուս ձեռքի թաշկինակով սրբում էր աչքերն ու ասում.

-Չիմացանք՝ դարդդ ինչ էր…

Երկար բոյով ու խրոխտ ձայնով ուսուցիչը, նա, ով խոսել էր Գոմեշի ու Դըբըռի հուղարկավորությանը, կարդում է աշխարհի տարբեր ծայրերից ստացված հեռագրերը, փառաբանում Յուրային և խոնարհաբար խնդրում բոլորին՝ շնորհ անելու մասնակցել հոգեհացին:
Մի պահ պատկերացնելով գերեզմանատունը, որտեղից թափորը պիտի հոգեհացի գնար, Յուրան նկատեց, որ թեկուզ, ասենք, ծաղկեպսակների հսկայական քանակություն կլիներ իր շիրիմին, բայց դեռ, հո, տապանաքար չկար:

Հետևաբար, առաջ ընկնելով, սպիտակ մարմարից հսկայական մահարձանը ևս տեղադրեց՝ ինքը նստած է բազկաթոռին՝ ոտը ոտովը գցած, մատների արանքում՝ Մալբորոն, մյուս ձեռքով ականջին է պահել բջջային հեռախոսը: Արձանի տակ գազ են քաշել, ու հավերժական կրակ կա: Ամեն կիրակի տղերքն ուխտի են գալիս: Տարին մեկ էլ, իր մահվան օրն այստեղ են գալիս բոլոր գողերը՝ իր շիրիմի մոտ հարթելու բոլոր վեճերն ու քննարկելու բոլոր կարևոր հարցերը: Իսկ սպեցնազն էլ հսկում է իր գերեզմանը՝ գիշեր-ցերեկ… Դե, ասենք, որ այլմոլորակայինները չտանեն իրեն,-ինչից հետո միայն հանգիստ սրտով անցավ հետագա իրադարձություններին:
Հոգեհացը տրվում էր քաղաքապետարանի մեծ դահլիճում՝ ութ հարյուր, չէ՛, երկու հազար հոգու համար: Միլիցեքին ներս չէին թողել: Նրանք մնացել էին փողոցում՝ մեքենաների մոտ ու անվերջ խոսում էին ռացիաներով:

Նույն ծերունին հանդիսավորությամբ հիշում է կենացները, բոլորը հոտընկայս ըմպում են Յուրայի հոգու հանգստյան համար՝ անարատ օղուն խառնելով գլորվող արցունքները (Յուրան գոհունակությամբ նկատեց՝ սա խփեց-անցավ Դըբըռի հուղարկավորությանը): Բոլորից հեռու՝ ամենապատվավոր տեղում, գողերի սեղանն էր: Նրանք խորհրդավոր կերպով ինչ-որ հարց են քննարկում՝ սակայն, ասես, անխոս, իմաստուն հայացքներով՝ ամեն ինչ այնքան էր ակնհայտ: Վերջապես նրանցից տարեցը կանգնում է: Բոլորը սսկվում են: Քար լռություն է: Ծերունի սեղանապետը հնարավորինս անաղմուկ, զգուշությամբ նստում է տեղը: Հանդիսավորությամբ հնչում է սխոդկայի [6] կարևոր որոշումը՝ հանգուցյալին հետմահու գող են ճանաչել:
Յուրան բռնեց ու սեղմեց սնարներն իրար միացնող երկաթե կողերը. «Ու՜խխ, ես ձեր…»,-ինքն էլ չիմանալով ում և ինչի համար հայհոյել: Միանգամից վեր կացավ առույգ, կոկորդը մաքրեց՝ միաժամանակ միջնամատով տշելով թևքի միջատին: Դարակից փութով հանեց Բոկայի ձայնապնակը, միացրեց «Доля воровская»-ն («Մեր հիմնը»,-սիրում էր ասել) ու թիկն տվեց: Հիմա էլ, սև ակնոցները դրած, մթնեցրած ապակիներով սև ջիպով Սոչի էր գնում. (մինչ այդ էլ Ջիպը երկու օր կանգնած էր իրենց բակում, ու հիացած-զարմացած հարևաններն ակնածանքով վայելում էին գողական երգերը, որ ծոր էր տալիս ճապոնական մագնիտոֆոնը): Ետևից գալիս էին թիկնապահները՝ նույնպես սև ակնոցներով: Կողքին իրենց դասարանցի Նելլին էր՝ ջինսե վարտիքով ու կարմիր, վանդակավոր բլուզկայով: Ինքը մի ձեռքով բռնել է ղեկը, մյուսով գրկել Նելլիի ուսը, ու ժպտում են իրարու…

Կտրուկ վեր թռավ տեղից, մոտեցավ անկյունի փոքրիկ պահարանին, հանեց Աշոտիկի բերած թթի օղին՝ մի շնչում խմելով գրեթե կեսը: Մի «Չիբուխ» վառեց, մոտեցավ մագնիտոֆոնին, վերից համարյա զարկելով, փորձեց լռեցնել Բոկային:

-Ե՛ս եմ ասում,- վրա բերեց երերալով ու անջատեց այս անգամ: Օղին դրեց ծոցագրպանը, դուրս եկավ տնից:

Նոյեմբերի առաջին օրերն էին, որոնց գիշերները լեռնային քաղաքում երբեմն ձմռան տպավորությունը կարող են արթնացնել: Բայց Յուրա՜ն, հը՜մ, խի՞, դա կարող ա հարց է՞ր, կարող ա հանկարծ, եթե մեկը կողից խոսար, ինքը չասե՞ր՝ կարող ա՞ տեղը չեք բերում:
Մի քանի քայլի վրա հացի թիթեղյա փոքրիկ կրպակն էր՝ մի կողմից ժանգից մաշված ու ծակված: Քացով խփեց.

-Սուկայական հարաբերություննե՜ր. ես ձե՛ր կոմերսանտ,-ասաց ու առաջ անցավ: Ժպիտը դեմքին՝ քրթմնջալով ու ճոճվելով, հասավ գետակին: Նստեց արդեն չորացած խոտերին, ծոցագրպանից հանեց օղին, մի երկու կում էլ արեց, դրեց մոտի քարին, մի սիգարեթ էլ վառեց ու դարձյալ թիկնեց՝ մարող հայացքը քաղաքի լույսերին: Սոչի՜… Նելլին՝ բիկինիով. ծով, արև, տաք ավազ… ու ժպտում է Նելլին…
Հանկարծ, ոչ այս, ոչ այն, թռավ ջուրը՝ կողքի վրա տապալվելով գետակի մեջ՝ անկապ՝ հիացմունք ու բավականություն արտահայտող վանկեր նետելով օդի մեջ, այնպես, որ քիչ հեռվի այգու տնակում պոմիդոր պահածոյացնող ամուսինները վախից քարացան՝ փեչի մոտ կանգնած տղամարդը՝ կիսապպզած, կրակխառնիչը ձեռքին, կինն էլ՝ նստած հատակին՝ լայն բացված ոտքերի արանքում երեք լիտրանոց բանկան, ձեռքը՝ կափարիչին:

Յուրան դուրս եկավ գետակից, խնդմնդալով, անհասկանալի բառեր արտաբերելով՝ մոտեցավ շշին, կլլեց մնացյալ օղին, մի վերջին անգամ հնչեղ ու ահեղագոչ քրֆեց բոլոր կասկածողներին ու մուսռներին և մեջքի վրա պառկեց խոտերին.

-Չէ, ախպեր, ի՞նչ պրոբլեմ, կխփեմ, պետք լինի, կասկածող կա՞,-մի կերպ արտաբերեց արդեն ուժասպառ՝ աչքերն աստղերին հառած, ձեռքերով ինչ-որ բան գծագրելով օդի մեջ՝ ավելի շատ նման դիրիժորի շարժումներին:

Քունը սկսել էր հաղթել:

-Իբի՛շ, տուֆտա՛, պիվով զապիվատ մի արա…Նելլի, ջիգյար, հարց չկա, ցա՛վդ տանեմ. ե՛ս եմ ասում,-գիշերային օդի մեջ վերջին անգամ հնչեց անհայտ մի վայրում ծավալվող իրադարձության արձագանքը, մինչև որ գետակի խշշոցին ձայնակից մնացին միայն գորտերի երբեմնակի կռկռոցն ու հեռվից եկող շների հաչոցը…

Յուրային թաղեց հորեղբայրը: Լեռնային գյուղի գերեզմանատան ծայրին, բարձրադիր մի տեղ բազալտե միայնակ տապանաքար կա. նկարից նայող՝ ատամների արանքում սիգարետը պահած, կրծքին Adidas վերտառությամբ Յուրան կարծես հարցնում է աշխարհին՝ հարց կա՞:

1.Օրենքով գող
2. Գողական գնացող, գողականով ապրող
3.Կալանավայրի ադմինիստրացիային մերժող, սահմանված օրենքներին չենթարկվող:
4. Կալանավայրից ուղարկված գրություն
5. Նիկիտա Խրուշչյովի ժամանակներում կառուցված բնակելի շենքեր, որոնց բնակարանները, սովորաբար, փոքր բնակմակերես ունեին
6. Օրենքով գողերի հավաքը, որի ժամանակ ընդունվում են կարևոր որոշումները

Աղբյուրը՝ granish.org


 Պիտակներ
         Կարեն Միրզոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb