Հելիքս կամուրջը Սինգապուրում

Art News 23.05.2020   22:00   1421

Սինգապուրի զարմանալի կամուրջների թվում կարելի է հիշատակել Հելիքս կամուրջը, որի բացումը տեղի է ունեցել 2010 թվականին։ Ծածկ ունեցող հետիոտնային կամուրջը առանձնանում է անսովոր ձևավորմամբ։ Գալարաձև կամուրջը ԴՆԹ կառուցվածքն է հիշեցնում։ Երեկոյան ժամերին, երբ լուսավորումը միանում է, այն անհավանական գեղեցիկ է դառնում։

Կամուրջը կառուցելիս հիմնական նյութ են ընտրել պողպատը։ Հելիքս կամուրջը գտնվում է Սինգապուրի կենտրոնում ու միացնում է երկու խոշոր թաղամասերը՝ Մարինա Ցենտրը և Մարինա Բեյը։ 2010 թվականին՝ բացումից մի քանի ամիս հետո, World Architecture Festival Awards փառատոնի շրջանակներում կամուրջը «World's Best Transport Building» մրցանակին է արժանացել։

Կամուրջի երկարությունը 280 մետր է։ Զբոսաշրջիկների ու հանգստացողների համար կամուրջի վրա չորս մեծ դիտահարթակներ են կառուցել։ Դրանցից դեպի Սինգապուրի ամենագեղեցիկ շրջաններ հիանալի տեսարան է բացվում։

Զարմանալի կամուրջը աշխարհի լավագույն ճարտարապետների համատեղ աշխատանքի արդյունք է։ Աշխատանքներին մասնակցել են Architects 61, Arup և Cox Group ճարտարապետական կազմակերպությունների աշխատակիցները։ Կամուրջը ստեղծողները նշում են, որ նրա ձևը պատահական չի ընտրվել։

Նրանք որոշել են Հելիքս կամուրջը կյանքի ու աշխարհի խորհրդանիշ դարձնել։ Կամուրջի անսովոր կառուցվածքը հավանության են արժանացրել նույնիսկ Ֆեն շույի մասնագետները, որոնց կարծիքը Սինգապուրի շինարարական ու ճարտարապետական ոլորտներում ամենավերջին տեղում չէ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր կամուրջներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon