Հայտնի են «DigiCode 2021» մրցույթի Շիրակի մարզային փուլի հաղթողները

Իրադարձային 29.03.2021   17:45   40

Մարտի 27-ին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախաձեռնությամբ Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ DigiCode 2021 կիրառական ծրագրավորման Շիրակի մարզային պատանեկան մրցույթի եզրափակիչը։ Ներկայացված է եղել 162 հայտ, որոնցից 51 մասնակից անցել է եզրափակիչ փուլ։

Գյումրու տեխնոլոգիական կենտրոնիղց հայտնեցին, որ 8 անվանակարգերում հաղթողներ են ճանաչվել Նարեկ Մարտիրոսյանը («Լավագույն խաղ», մինչև 13 տ.), Հակոբ Այվազյանը («Լավագույն խաղ», 13 տ. բարձր), Աննա Մանուկյանը («Լավագույն ինտերակտիվ անիմացիա», մինչև 13 տ.), Սամվել Աղաբաբյանը («Լավագույն ինտերակտիվ անիմացիա», 13 տ. բարձր), Սուսաննա Հովհաննիսյանը («Լավագույն գծագրություն և դիզայն»), Գոռ Գևորգյանը («Python ծրագրով սարքերի ինտեգրում»)։

«Կրիայ» ծրագրով լավագույն ալգորիթմական լուծում օլիմպիադիայում հաղթել են Սրապ Գևորգյանը (մինչև 13 տ.) եւ Նարեկ Աբրահամյանը (13 տ. բարձր)։ Շիրակի մարզպետարանի կողմից հատուկ մրցանակի է արժանացել Հակոբ Այվազյանը Գյումրու թիվ 6 հիմնական դպրոցից։

Մրցույթի Շիրակի մարզային փուլի հաղթողները հնարավորություն կստանան մասնակցելու մայիսին կայանալիք «DigiCode 2021» հանրապետական մրցույթին, որի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերի դպրոցականները կներկայացնեն իրենց ստեղծած ծրագրերը և լավագույնները կարժանանան մրցանակների։

«Մրցույթը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների համար յուրօրինակ ստուգատես է՝ ներկայացնելու, թե ինչ արդյունքների են հասել նախորդ տարում ստացած գիտելիքներով։ Հաշվի առնելով՝, որ նախորդ տարի դասերը անցել են գերազանցապես հեռավար ձեւաչափով, արդյունքները մեզ ուրախացնում են», - նշեց «Արմաթ» ԻԼ մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը։

Ժյուրիի կազմում ընդգրկված էին հովանավոր ընկերության ներկայացուցիչներ Վահագն Մխիթարյանը եւ Ռուբեն Մանուկյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, ԱՏՁՄ վարչության անդամ Արման Պողոսյանը, Արտյոմ Հարությունյանը, «Արմաթ» ԻԼ ներկայացուցիչներ Սեդրակ Վարդանյանը եւ Ավագ Սայանը։

Նշենք, որ «Դիջիկոդ» մրցույթն ԱՏՁՄ ամենամյա միջոցառումներից է, որի  հիմնական նպատակներն են խրախուսել և զարգացնել դպրոցականների ալգորիթմական մտածողությունը, աշակերտներին խաղ սպառողից վերածել խաղ ստեղծողի եւ բացահայտել տաղանդավոր պատանիներին՝ նրանց հնարավորություն տալով զարգացնել ստեղծագործական ունակությունները։ «Դիջիկոդի» հաջորդ մարզային փուլը տեղի կունենա ապրիլի 3-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։


 Պիտակներ
         DigiCode 2021


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb