Հայկ Մարությանը հանդիպել է մանկապարտեզների տնօրենների հետ

Իրադարձային 25.01.2019   10:30   410

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է համայնքային ենթակայության մանկապարտեզների տնօրենների հետ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառակությունից:

Շնորհակալություն հայտնելով նվիրված ու պատասխանատու աշխատանքի համար՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է այն հիմնական պահանջների կատարումը, որոնք իրենց հերթին հարմարավետ ու հավասար պայմաններ կապահովեն մանկապարտեզներում:

«Շատ լավ իմանալով բոլոր այն խնդիրները, որոնք այսօր կան մանկապարտեզներում՝ հասկանում եմ, որ այսպես չի կարող շարունակվել: Ես ամեն ինչ անելու եմ, որ մեր բոլոր մանկապարտեզները սկսեն որակապես բարձրանալ: Սրա մեջ մտնում է ամեն ինչ. և աշխատավարձերի բարձրացում, և ուղղակի պայմանները, բայց դրա հետ մեկտեղ, դուք էլ պետք է դրա մասնակիցը դառնաք: Այս պրոցեսը կամք և խստություն է պահանջելու, նաև տհաճ ու հաճելի պահեր, բայց այս ամենի մեջով մենք պետք է անցնենք: Երկրները, պետությունները կայացել են այսպիսի ժամանակներում, երբ մարդիկ կանգ են առել մի պահ, հասկացել են, որ այլևս հնարավոր չէ այսպես առաջ գնալ ու սկսել են փոխվել: Ես կարծում եմ, որ մենք կարող ենք որակապես փոխել մեր մանկապարտեզների իրավիճակը: Մենք անելիք ունենք և այդ անելիքը խոսք չի, այդ անելիքը՝ ռեալ գործն է»,- նշել է քաղաքապետը:

«Ցանկալի արդյունքի հասնելու համար մանկապարտեզներում իրականացվող համակարգային բարեփոխումների գործընթացը պետք է լիարժեքորեն իրականացվի»,- նշել է քաղաքապետ Մարությանն ու պահանջել հետևողականություն առաջադրված խնդիրները լուծելու հարցում:

«Ամեն մի մանկապարտեզ տան նման է, եթե տան լամպը չես փոխում, բայց կարող ես և մութ է, կներես, դու ես մեղավոր, որովհետև այդ մեկ լամպն այդքան թանկ չէ: Ուրիշ բան, եթե պետք է, օրինակ, սանհանգույցը վերանորոգել, համաձայն եմ, այդտեղ պետք է միանանք մենք: Իմ խնդրանքը հետևյալն է. այն, ինչ դուք ձեր ուժերով կարող եք անել, արեք և եկեք մեզ ասեք, որ այս աշխատանքներն իրականացրել ենք, բայց որոշ աշխատանքների մասով էլ այսքան գումար է պետք, և մենք չունենք: Երբ պահանջում են, ու այցելում ես մանկապարտեզ և հասկանում, որ պայմանները 20%-ով կարող են լավանալ հենց տեղում, հասկանում ես որ այդ մարդը եկել է ինչ-որ բան ուղղակի ուզելու համար: Չի արել իրենից հասնող ամեն ինչը»,- ընդգծել է Հայկ Մարությանը։

«Աշխատանքային այն սկզբունքներն ու խաղի կանոնները, որոնք պետք է կիրառվեն մանկապարտեզներում, բխում են առաջին հերթին քաղաքի բնակիչների շահերից»,- իր հերթին նշել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ու ընդգծել, որ այդ սկզբունքների պահպանումը հստակ պահանջ է.

Տնօրենները տեղեկացվել են նաև, որ առաջիկայում քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ստուգումների ինտենսիվ գործընթաց կսկսի մանկապարտեզներում:



 Պիտակներ
         Հայկ Մարության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon