Չինական ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգով

Իրադարձային 25.01.2019   11:10   287

Ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի ընկերությունները շարունակում են իրենց առաջարկները ներկայացնել Երևանի քաղաքապետարանին՝ քաղաքի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն ընդունել է «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» (Higer Bus Company Limited) ընկերության ԱՊՀ երկրների տնօրեն Չան Ցիֆայի գլխավորած պատվիրակությանը: «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ»-ը համագործակցում է շվեդական «Սկանիա» ընկերության հետ: Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի բարեփոխումների ծրագրում: Քաղաքապետի առաջին տեղակալը միևնույն ժամանակ տեղեկացրել է, որ մոտ ապագայում պատրաստ կլինի մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի նախագծումն իրականացնող WYG խորհրդատվական ընկերության առաջարկությունների փաթեթը:

Պատրաստակամություն հայտնելով համագործակցության ընդլայնման հարցում՝ «Հայգեր Բաս Քամփնի Լիմիթեդ» ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխումների ծրագրով: Չան Ցիֆան նշել է, որ ծանոթ է շուկային ու քաղաքի առանձնահատկություններին, քանի որ ընկերության ավտոբուսներն արդեն մի քանի տարի շահագործվում են Երևանում: Նա նաև նշել է, որ Երևանին այսօր առաջարկվող ավտոբուսներն առանձնանում են նոր հնարավորություններով ու հարմարավետությամբ: Բացի այդ, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել նաև ավտոբուսների հետագա սպասարկումն ապահովելու հարցում:

Զուգահեռ, հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել նաև վերելակային տնտեսության արդիականացման հարցում: Հանդիպմանը ներկա վերելակների արտադրությամբ զբաղվող չինական «Տյան-Շան» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Չժուն Ցզյան Գոուն իր հերթին ներկայացրել է ընկերության գործունեությունն ու այն հնարավորությունները, որոնք կարող են առաջարկվել Երևանին: Քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հետ համատեղ այսօր Երևանի բազմաբնակարան շենքերի վերելակների տեխնիկատնտեսական ուսումնասիրության աշխատանքներ են ընթանում, որից հետո էլ պատրաստ կլինի այն ողջ փաթեթեը, որն անհրաժեշտ է՝ ոլոտում համակարգային բարեփոխումներ իրականացնելու համար:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon