Հայաստանը Ճապոնիայից կստանա ամբողջովին կահավորված 51 շտապօգնության մեքենա

Իրադարձային 08.06.2021   12:03   37

Հայաստանը մինչև տարեվերջ Ճապոնիայի կառավարության կողմից որպես նվիրատվություն կստանա 51 շտապօգնության մեքենա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

Ավանեսյանը հիշեցրեց, որ պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը թիրախավորել է նաև շտապօգնության մեքենաները: Անհրաժեշտություն է առաջացել արագ համալրել մեքենաների պարկը: «Աշխատանքներ երկու ուղղությամբ են տարվել: Պետբյուջեի և Համահայկական հիմնադրամի միջոցների հաշվին ձեռք բերվեցին 37 ամենագնաց Շտապօգնության մեքենաներ և 10 «Ֆորդ» ռեանիմոբիլներ»,-ասաց նա:

Բացի այդ, լայնածավալ աշխատանք է տարվել սփյուռքի ներկայացուցիչների հետ, այդ ընթացքում բազմաթիվ շտապօգնության մեքենաներ են նվիրաբերվել ՀՀ-ին, Արցախին:

«Այս պահին շտապօգնության մեքենաների մեր պարկը, կարելի է ասել, ամբողջովին համալրված է: Տարվա սկզբին պետք է ունենայինք Ճապոնիայի կառավարության կողմից մեզ որպես օգնություն տրամադրված ևս 51  նոր ամբողջովին կահավորված մեքենաներ, բայց կորոնավիրուսը խանգարեց, և գործընթացները ձգձգվեցին: Բայց մենք մինչև տարվա վերջ կունենանք ևս 51 ամբողջովին կահավորված շտապօգնության մեքենաներ»,- ասաց Ավանեսյանը:

Պետության նպատակն է՝ համալրելով ամբողջական պարկը, անընդհատ կապիտալ ներդրումներ անելով՝ այլևս թույլ չտալ, որ պարկը հասնի մաշվածության այնպիսի աստիճանի, որ ստիպված լինի միջազգային օգնության շրջանակում ստանալ մեքենաներ:


 Պիտակներ
         շտապօգնության մեքենա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb