Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության. ՀՀ ԱԳՆ

Քաղաքական 18.10.2020   11:34   55

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 17-ին համաձայնված հումանիտար զինադադարի խախտման վերաբերյալ.

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը, և հոկտեմբերի 18-ին ժամը 07:20-ին հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում է ձեռնարկել հարավային ուղղությամբ:

Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ:

Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները պարտադրելու Ադրբեջանին խաղաղության և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ»:

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության որոշմամբ, հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատվել է մարդասիրական զինադադար: Սակայն, ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը  հայտարարել է, որ հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, հակառակորդը հյուսիսային ուղղությամբ ժամը 00:04-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում վարել է հրետանային և հրաձգային կրակ, իսկ հարավային ուղղությամբ ժամը 02:20-ից 02:45-ն ընկած ժամանակահատվածում հասցրել է հրթիռային հարվածներ։  Առավոտյան՝ 07:20-ի սահմաններում, հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հաձակման: Երկուստեք կան զոհեր ու վիրավորներ:



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb