Հայաստանը ... Ո՞ւմ Հայաստանը

Մտորման համար 10.04.2019   12:00   207
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Մտավորականության, գողականության և այլնի մասին՝ առանց հանգուցալուծման կամ ախտորոշման:

Nota bene. Ստորև տպագրվող գրառումներում ընթերցողը չի գտնի «ազգային», «ըմբռնում», «հայրենիք», «արիական», «շինիչ», «Հոբլ-Գոբլ», «ազատամարտ», «մարդասիրական օգնություն», «գթություն», «մշակույթ», «հիմնահարց», «հովհարաձև», «կտրոն» բառերը: 

Մենք ենք ապրում ենք բանտում, բան­տային օրենքներով, մեզ տրվում է օրապահիկի մեր համեստ բաժինը, մենք վայելում ենք «վերուստ» արվող փոքրիկ «շռայլությունները» (ինչպիսին այս գրառումներն են), խոսում ենք ժողովրդավարությունից և չենք ուզում նկատել, որ գողականությունն ու գողա­լեզուն կլանել են բոլորիս։ Բոլորը խոսում են պատերազմի մասին, մինչդեռ պատերազմական օրենքների փոխարեն մեզ կառավարում են զարգա­ցած բոլշևիզմի գողական օրենքները։

Գողական շարժումը իսկական վերած­նունդ ապրեց 70-ականներին, երբ ժո­ղովրդի «ընտրյալ» փոքրամասնությունը «խառոշի» էր, իսկ մեծամասնությունը՝ «հարիֆ» կամ «թռած»։ Նույնիսկ դպրոց­ների բակերում ամենատարածված երևույթը «ռազբիրատն» էր։ Հենց այս ժամանակահատվածում, գողական աշ­խարհի և իրավապահ մարմինների արմատացող սերտաճմանը զուգընթաց, հստակվեց գողական մտավորականությու­նը՝ վերադաս-«օրենքովին» նրբորեն քծնելու և ստորադաս-«հարիֆին» նույնքան նրբո­րեն ստորացնելու անուրանալի տաղանդով։ Բոլորովին նոր որակ։ Երեկվա պատանին՝ մտավորագողական մաֆիան ոտք դրեց կյանքի բոլոր ոլորտները՝ սկսած ԲՇԿ-ից մինչև Գիտությունների կաճառ և ստեղծա­գործական միություններ։

Ավանդական գողականության նորագույն դպրոցները (կոմերիտմիություն, կուսակցություն) ան­ցած ջերմոցային մտավորականները («մտա-ոռականները» - ինչպե՞ս չսիրես մայրենին) ապացուցեցին և ապացուցում են դասակարգային առաձգականության իրենց ժառանգական ձիրքը։ Բայց դա չէ սարսափելին, ողորմելիները շուտով կմեռ­նեն, և նրանց ոչ ոք չի հիշի։ Սարսափելին այն է, որ «գողական ժողովրդավարները» արմատներ են գցում, հենց սա կլինի այլասերման և աղետի վերջին ակորդը։

Գողալեզուն և գողական կեցվածքը հա­մաճարակի պես տարածվել են ամենուր՝ խթանելով «ներքին թրքությունն» ու տակա­վին մանկասայլակի մեջ փչացնելով երե­խային։ Ամփոփենք. ռուսականացման դեմ պայքարը հասավ գագաթնակետին, բայց ռուսական դպրոցները փակելուց և ռուսալեզու մամուլը հալածելուց մայրենին չի մաքրվում, և մաքրվելու միտում էլ չի նկատվում։ Լսեք աշակերտներին, ուսանողներին, ուսուցիչներին, միացրեք հեռացույցը, ձայնասփյուռը և հարցրեք՝ ինչո՞ւ է սփյուռքահայը ավելի մաքուր հա­յերենով խոսում։

Զուտ հայերեն խոսակցա­կան լեզու այդպես էլ չձևավորվեց, այնքան որ մեր մեջ զորեղ էր արա-ախպերական «նատուռի» ջիղը։ Գողալեզվից ազատվելու և կենդանի հայերենով խոսելու հարկադ­րական ճիգերն ուղղակի զավեշտ են դառ­նում, վկա՝ ԳԽ պատգամավորների մեծ մասը։ Բայց մենք շեղվեցինք, իշխա­նություններին «կպնելը» մեր իրավունքների մեջ չի մտնում (պատճենում ռուսերենից)։

Հիմա «տուֆտա» մտավորականության երկունքի ցավերի ժամն է։ Ի՞նչ է ծնելու։ Ոչինչ էլ չի ծնելու, քանի դեռ օդը քաղաքականացված է, քանի դեռ գաղափարախոսությունը մնում է անձնական օգտագործման կրոն, քանի դեռ մամուլը «ճռռում» է տգիտությամբ համեմված քարոզներից, քաղաքական փուչ առաջարկներից, և ամենակարևորը՝ քանի դեռ կարող ուղեղն ու ուժը չի զբաղվում հոշոտված տնտե­սությամբ, իսկ պետության հիմնաս­յուները երեքն են՝ տնտեսություն, քաղաքականություն և գաղափարախո­սություն՝ ճիշտ և միմիայն այս հերթականությամբ։ Գաղափարախոսությամբ (մանավանդ՝ փուչ) տնտեսություն չես ստեղծի։

«Նոմենկլատուրային բանդիտիզմը» (խոստումնալից գրողի կարապի երգը) կյանք է մտել գողական աշխարհից, քանզի բյուրոկրատիզմը, բռնատիրական մղում­ներն ու աստիճանակարգային ճնշումը պոր­տաբուծության հետ կազմում են գողականության հիմնասյուները։ Ստալինականությունը գողական հասարակարգի օրգազմն ու փառաբանումն է՝ աստվածար­ման հավասարեցված ստալինականություն, ահա այսօրվա հասարակարգի օրիորդա­կան ազգանունը։

Պարզ է, որ դիլետանտիզ­մը պիտի հաղթանակեր և հաղթանակում է, միայն թե ափսոս հազարից թե տասը հազարից մեկին, այն մտածողին, որ աչք չի գցել ամերիկաների վրա, ոչ մոլեռանդ կուսակցական է, ոչ հոգեհաշմանդամ «պուզատի», այլ շնչահեղձ է լինում։

Իսկ «մեր ժողովու՞րդը»։ Կներե՞ք, եթե մեջբերեմ օտարին։ Ջորջ Օրուելը «Անգլիան, ձեր Անգլիան» հոդվածում գրում է. «Լուսնոտ ժողովուրդ» արտահայտությու­նը, որով Հիտլերը բնորոշեց գերմանացիներին, ավելի շատ անգլիացիներին է սազում»։ Խեղճ Օրուել. նա չապրեց, որ տեսներ լուսնոտացված ժողովրդին, որը մինչև անգամ չգիտի, որ այս բանտը իրենն է։

Սամվել Մկրտչյան


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Սամվել Մկրտչյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon