Հայաստանը միացավ Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին ԵԽ կոնվենցիային

Իրադարձային 29.06.2020   11:00   156

Հունիսի 24-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը ԵԽ գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելա Բատտաինի-Դրագոնիի ներկայությամբ ՀՀ անունից ստորագրեց Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (TromsøConvention)։

Կոնվենցիայով ամրագրվում է պաշտոնական փաստաթղթերի հասանելիության ընդհանուր իրավունքը։ Կոնվենցիան հնարավորություն է ստեղծում չափանիշներ ներդնել ազգային օրենսդրությունում և պրակտիկայում, որոնք ապահովում են պետական կառույցների գործունեության առավել բարձր թափանցիկությունը, ինչը լավ կառավարման և իրապես ժողովրդավար և բազմակարծությամբ նշանավորվող հասարակության կարևոր ցուցանիշ է։ Այն նաև հնարավորություն է ընձեռում անհատին լիարժեքորեն իրացնել իր հիմնարար իրավունքները՝ բարձրացնելով քաղաքացու վստահությունը պետական մարմինների նկատմամբ։

Կոնվենցիան նախատեսում է նաև ազգային օրենսդրությամբ պաշտոնական փաստաթղթերի մատչելիության հնարավոր սահմանափակումներ՝ տարբեր բնագավառներում (ազգային անվտանգություն, պաշտպանություն, միջազգային հարաբերություններ) շահերի պաշտպանության նպատակով։

Կոնվենցիայով սահմանվող հանձնառությունները Հայաստանն արդեն լիովին իրականացրել է ազգային օրենսդրությամբ և պրակտիկայով: Մեր երկիրն արդեն իսկ ունի տեղեկատվության ազատության ոլորտում այլ երկրների համար օրինակելի պրակտիկա, հետևաբար, կոնվենցիային միանալով, Հայաստանի Հանրապետությունը ևս մեկ անգամ վերահաստատում է Եվրոպայի խորհրդի երկրներում պետական մարմինների գործունեության թափանցիկության և տեղեկատվության հանրային մատչելիության առաջմղման կարևորությունը և այդ հարցում ՀՀ կառավարության հանձնառությունը։



 Պիտակներ
         փաստաթղթեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb