Հայաստանում կներդրվի սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգ

Իրադարձային 04.06.2020   10:00   118

ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) միջև ծրագրային փաստաթղթի ստորագրմամբ մեկնարկել է Հայաստանում կլիմայի փոփոխությանը գյուղատնտեսությունն առավել դիմակայուն դարձնելուն նպատակաուղղված տեխնիկական համագործակցության նոր ծրագիրը։ Այս երկամյա ծրագրում ներառված են Հայաստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Հյուսիսային Մակեդոնիան։Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 405 000 ԱՄՆ դոլար: Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից։ 

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը նշել է, որ Ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանում ներդնել սերմերի և տնկանյութի հավաստագրման համակարգ, ինչպես նաև բարելավել սերմերի որակի լաբորատոր հետազոտությունների և սորտափորձարկման մեթոդաբանությունները:Հավաստագրման համակարգի ներդրումը կբացառի այն դեպքերը, երբ այգեհիմնողը ձեռք է բերում տնկի, իրականացնում է այգեհիմնման աշխատանքները, մի քանի տարի խնամում է այգին, իսկ բերքահավաքի ժամանակ պարզվում է, որ ձեռք բերված տնկանյութը չի համապատասխանում տվյալ սորտին բնորոշ հատկություններին։ Տնկանյութի հավաստագրման համակարգի ներդրման արդյունքում  այգեհիմնողը կարող է վստահ  լինել, թե ինչ սորտի, որակի և քանակի բերք է ստանալու՝ ապահովագրված լինելով սխալ տնկանյութի ընտրությունից։

Հավաստագրված տնկարանում աճեցված յուրաքանչյուր տնկանյութ լինում է առողջ, տիպիկ տվյալ սորտին, ունենում է համապատասխան պիտակ, որտեղ նշվում է տնկարանի անվանումը, պատվաստացու սորտի անվանումը, արմատակալի անվանումը և տնկիի մորֆոլոգիական որոշ հատկանիշներ (անձնագիր):

«COVID-19 ժամանակաշրջանի համատեքստում այս ծրագրի իրականացումը շատ տեղին է, քանզի այն կաջակցի սերմնաբուծության ազգային համակարգի հզորացմանը՝ որպես մշակաբույսերի արտադրության և պարենային անվտանգության հիմնական հենասյուներից մեկը»,- ասել է Հայաստանում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեն հեռավար հանդիպման ժամանակ:



 Պիտակներ
         սերմեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb