Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք

Իրազեկիչ 05.04.2021   10:06   39

2021 թ. փետրվարի 1-ի դրությամբ Հայաստանում դեռևս կա ականային վտանգ պարունակող 120 տարածք, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 17 636 470 քառակուսի մետր: Ականներով ծանրաբեռնված մարզերն են՝ Սյունիք, Տավուշ, Վայոց Ձոր, Գեղարքունիք։ Այս մասին հայտնում են «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ից։ 

Ամեն տարի ՀԱՓկ ՊՈԱԿ-ի մասնագետներն իրազեկում են մոտ 10 000 անձանց անվտանգ վարքագծի կաննոնները։ Այս օրերին էլ իրազեկման աշխատանքներ են ընթանում Երևանի մի շարք դպրոցներում։ 

«Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ի և Հայկական Կարմիր Խաչի ընկերության համագործակցության արդյունքում իրականացվում է «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագիրը։ Եվ այս օրերին ականներով ծանրաբեռնված մարզերում աշակերտներին սովորեցնում են անվտանգ վարքագծի կանոնները։

Ճապոնիայի կառավարության Grant Assistances for Grassroots Human Security Projects (GGP) ծրագրի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում էլ նախատեսվում են հաստատված վտանգավոր մարզերում, հատկապես՝ աշակերտների շրջանում, կազմակերպել առաջին բուժօգնության և ականների վտանգի իրազեկման դասընթացներ, մասնագիտացված այցելություններ ականից տուժած անձանց։ Իսկ ծրագրի շրջանակներում ձեռք բերվող հատուկ կահավորված շտապ օգնության մեքենան հնարավարություն կտա սահմանամերձ շրջանի երեխաներին ակնդետ ուսումնասիրել առաջին բուժօգնության ցուցաբերման ընթացակարգը։ Մեկ տարի տևողությամբ այս ծրագրի շահառու կդառնան մոտ 40 000 անձինք։

Բոլոր աշխատանքների որակի վերահսկողությունն իրականացնում է «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ 

Ապրիլի 4-ը 2005 թվականից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ հռչակվել է ականային վտանգի իրազեկման և ականազերծման գործունեության աջակցության միջազգային օր:

2014 թվականի ապրիլի 23-ին «Հումանիտար Ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը  ճանաչվել է ականազերծման գործողությունների ազգային մարմին: Ըստ այդմ, հակաականային գործողությունների ազգային ծրագրի կանոնակարգումը, կառավարումն ու համակարգումը Հայաստանում իրականացվում են ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb