Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ենթարկվածների բաժինը զգալիորեն աճել է

Network News 25.02.2021   13:00   94

Հայաստանում համակարգիչների օգտատերերի 1,45%-ը 2020-ին ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների այն դեպքում, երբ այդ ցուցանիշը Վրաստանում կազմել է 1,06%, իսկ Ադրբեջանում՝ 1,51%:

2019-ին Հայաստանում օգտատերերի 0,90%-ը բախվել է իրենց համակարգիչներում այն բանկային տրոյական ծրագրերի գործարկման փորձերի, որոնք նախատեսված են բանկային հաշիվներին առցանց հասանելիության միջոցով դրամական միջոցների գողության համար: Նույն ժամանակահատվածում Վրաստանում նման գրոհների է ենթարկվել օգտատերերի 1,10%-ը և Ադրբեջանում՝ 1,40%-ը: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն՝ բանկային վնասաբեր ծրագրերի գրոհների ամենաշատը ենթարկվել են Ուզբեկստանի (10,4%), Թուրքմենստանի (8,6%) և Տաջիկստանի (7,5%) օգտատերերը:

2020-ին հետ են մղվել աշխարհի 668 619 օգտատերերի համակարգիչներում վնասաբեր բանկային ծրագրային ապահովման գործարկման փորձեր, իսկ 2019-ին՝ 766 728-ի։

Փորձագետները նշում են, որ կիբեռահանցագործները բանկային ռեկվիզիտներին հասանելիություն ստանալու և փող գողանալու համար օգտագործում են բանկերի, համացանցային խանութների և վճարային համակարգերի՝ իրենց ստեղծած կեղծ վեբ-էջերը, սպամ և ֆիշինգ, ինչպես նաև ստեղնաշարային լրտեսներ։ Նրանց հիմնական նպատակը տնային և կորպորատիվ համակարգիչներ բանկային տրոյական ծրագրեր ներբեռնելն է։ Դրանք բանկային քարտերի կամ վճարային ռեկվիզիտների մասին տեղեկատվությունն ուղարկում են չարագործներին։

Տրոյացիներից լավագույն պաշտպանությունն է էլեկտրոնային փոստով, սոցիալական ցանցերով կամ մեսենջերներով անծանոթների ուղարկած կցված ֆայլերը (նիշք) չբացելը և վեբ-կայքերից ներբեռնված ծրագրերը չգործարկելը, եթե օգտատերը 100%-ով վստահ չէ ֆայլերի աղբյուրի նկատմամբ։ Հարկ է մշտապես նորացնել ծրագրային ապահովումը, քանի որ ցանցահեններն օգտագործում են ծրագրերի պաշտպանական համակարգերի հայտնի խոցելիությունները և դրանցով համակարգիչ են ուղարկում տրոյական ծրագրեր։ Լիարժեք պաշտպանվելու համար հարկ է տեղադրել հակավիրուսային ծրագրային ապահովում կամ տրոյական ծրագրերը հեռացնող ուտիլիտ։ Այդ ԾԱ-ն (կանոնավոր կերպով թարմացնելու պայմանի կատարման դեպքում) սքանավորում է համակարգը տրոյացիների հայտնաբերման համար և ավտոմատ կերպով ստուգում ցանկացած ծրագիր կամ գործարկվող ֆայլ։


 Պիտակներ
         ծրագրերի գրոհներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb