Հայաստանն ընդդեմ Թուրքիայի միջպետական գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Քաղաքական 18.05.2021   17:51   81

Սույն թվականի մայիսի 9-ին Հայաստանի Հանրապետությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Թուրքիայի Հանրապետության` 44 օրյա պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններ հավաքագրելու և Ադրբեջան տեղափոխելու միջոցով կոնվենցիոն խախտումներ թույլ տալու, ինչպես նաև Ադրբեջանին ռազմական օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ, որը ևս հանգեցրել է կոնվենցիոն խախտումների: Այս մասին տեղեկացնում են ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունից:

Մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Թուրքիան խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, և մի շարք այլ իրավունքներ:

Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ Թուրքիայի կողմից Սիրիայի Հանրապետությունից Ադրբեջանի Հանրապետություն սիրիացի վարձկաններ հավաքագրելու և տեղափոխելու, ինչպես նաև ադրբեջանական զինված ուժերին ռազմական տեխնիկա, զենք և զինամթերք մատակարարելու, ինչպես նաև այլ միջոցներով հակամարտությանը ներգրավվելու վերաբերյալ:

Այս մասին Եվրոպական դատարանը տարածել է մամուլի հաղորդագրություն:


 Պիտակներ
         ՄԻԵԴ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb