Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տոնում է հիմնադրման 15-ամյակը

Muzic 19.01.2021   21:15   98

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար 2021-ը հոբելյանական է: Նվագախումբը, որը և՛ Հայաստանում, և՛ արտերկրում մշտապես հնչեցնում է հայ կոմպոզիտորների գործերը՝ նպաստելով նրանց հանրահռչակմանը, տոնում է ստեղծման 15-ամյակը: Տարվա ընթացքում նվագախումբը նախատեսում է կազմակերպել մրցույթներ, փառատոններ և հոբելյանը նշել գեղեցիկ համերգով:

Նվագախմբի ձևավորման, առաքելության, ինչպես նաև առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հետ, որն ընդգծեց՝ 2020-ը իրենց համար ավելի քան դժվար տարի էր, բայց 2021-ից մեծ ակնկալիքներ ունեն. համավարակի պատճառով հնարավորությունները սահամանափակ լինելուց հետո ճանապարհորդելու ակնկալիքներ ունեն: Հուսով են իրականացնել բոլոր նախաձեռնություններն ու հոբելյանական համերգաշրջանն անցկացնել լեփ-լեցուն դահլիճներում:

«Այս տարի կարևորագույն իրադարձություններից մեկը կլինի Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը, որն անկցացվելու է «դիրիժոր» մասնագիտությամբ. դա ձեռքբերում է, քանի որ այն տարածաշրջանում  դիրիժորների միակ մրցույթն է: Անցկացնելու ենք նաև Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը մեծ ձևաչափով: Մեծ  ոգևորությամբ  ենք աշխատում: Դժվարանում եմ ասել, թե ովքեր կմասնակցեն մեր հոբելյանական համերգին, քանի որ մի շարք երկրներից դուրս գալն անիրական է թվում: Հյուրախաղերի առաջարկներ ենք ստացել Եվրոպայից և ասիական երկրներից»,-ասաց Սմբատյանն ու հիշեց, որ մեկ տարի առաջ այս օրերին ջութակահար Մաքսիմ Վենգերովի հետ համերգ ունեին Բեռլինի ֆիլհարմանիայում:

Անդրադառնալով համավարակով և պատերազմով պայմանավորված առցանց տիրույթում կատարած աշխատանքին՝ դիրիժորը նշեց, որ անգամ հուլիս ամսին անցկացրել են MUSIC-20 առցանց միջազգային փառատոնը, որն ունեցել է դիտումների անհավանական մեծ քանակ: «Հավանաբար, աշխարհում առաջին նվագախմբերից մեկն ենք, որը միջազգային փառատոն իրականացրեց օնլայն հարթակում և առանց հանդիսատեսի: Հեռարձակում էինք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից: Եկան հրաշալի արտիստներ Ֆրանչեսկա Դեգոն, Ջանլուկա Մարչիանոն և այլք: Դա կենդանի կատարումներով առաջին առցանց փառատոնն էր, ինչից հետո կարողացանք առցանց անցկացնել նաև «Դաս Ա» կրթամշակութային ծրագիրը»,- ասաց նա:

Սերգեյ Սմբատյանն ու ընդգծեց, որ օնլայն տիրույթում կա տարբեր երկրների երաժշտասերներից բաղկացած լսարան, հետևաբար նվագախումբը ծրագրային առումով պետք է շատ զգույշ լինի: Սիմֆոնիկն առցանց տիրույթում ներկայացնում է նաև հայկական երաժշտությունը, հայ կոմպոզիտորների գործերը և փաստում, որ արտերկրի երաժշտասերներին հետաքրքիր է ունկնդրել երաժշտություն, որի մասին գուցե լսել են, բայց չեն ունկնդրել: Դիրիժորի համոզմամբ՝ հայ հեղինակների արվեստը աշխարհին ներկայացնելու գործում օնլայն դարաշրջանը կարող է մեծ ներդրում ունենալ:

Ամբողջական՝ սկզբնաղբյուրում։


 Պիտակներ
         Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախու


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb