Հայաստանի 4 բռնցքամարտիկներ արդեն ապահովել են բրոնզե մեդալները Սոֆիայի մրցաշարում
Հայաստանի բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» թվով 72-րդ միջազգային մրցաշարում:
Մեր 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը հաղթել է ամերիկացի Չառլի Շիհիին և մտել կիսաեզրափակիչ, որտեղ կհանդիպի ռուսաստանցի Իլյա Պոպովի հետ: 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանը քառորդ եզրափակիչում պարտության է մատնել ղազախստանցի Բաուրժան Բայգոնշեկովին: 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը նույն փուլում խնդիրներ չի ունեցել բրազիլացի Աբներ Ջունիորի հետ մարտում:
Գերծանր քաշային Գուրգեն Հովհանիսյանը 5:0 հաշվով վստահ հաղթել է Բուլղարիան ներկայացնող կուբացի բռնցքամարտիկ Յորդան Մորեխոնին և նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր: Մեր այս չորս բռնցքամարտիկներն արդեն առնվազն ապահովել են բրոնզե մեդալներ:
69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը պարտվել է ուզբեկ Բոբո-Ուսմոն Բատուրովին և դուրս մնաց պայքարից։
Այսօր քառորդ եզրափակիչ մրցամարտեր կանցկացնեն մեր երկու բռնցքամարտիկները՝ կանանցից Անի Հովսեփյանը (69 կգ), տղամարդկանցից՝ Արթուր Բազեյանը (57 կգ):
Մրցաշարի կիսաեզրափակիչ հանդիպումները տեղի կունենան փետրվարի 26-ին, իսկ եզրափակիչները՝ փետրվարի 27-ին:
Նմանատիպ նյութեր