Հայ ռազմագերիների վերաբերյալ բանաձևին ԵԽ-ում դեմ են քվեարկել հիմնականում լեհերը․ Զոհրաբյան

Հրատապ 21.05.2021   10:38   170

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնում է, որ ԵԽ-ում հայ ռազմագերիների հարցով երեկվա քվեարկության հետ՝ «դեմ» քվեարկածները հիմնակում լեհերն էին։

Իր ֆեյսբուքյան էջում պատգամավորը մանրամասնել է․

«Հայ ռազմագերիների հարցը Եվրոպայի արժանապատվության հարցն է «Մենք բոլորս հայ ենք»՝ երեկ Եվրոպական խորհրդարանում հայ ռազմագերիների խնդրով բավականին բուռն քննարկման ժամանակ հայտարարեց կիպրացի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը։

Նա նաեւ պնդեց, թե պետք չէ սպասել ու հուսալ, որ Ադրբեջանը կամովին վերադարձնելու է հայ ռազմագերիներին, որովհետեւ սեփական կամքով Ադրբեջանը դա չի անելու։ Լուկասը հայտարարել է, որ հայ ռազմագերիների հարցը այսօր Եվրոպայի արժանապատվության հարցն է եւ կոչ է արել Եվրոպային լրջագույն սանկցիաներ կիրառել Ադրբեջանի հանդեպ՝ պարտադրելով վերադարձնել հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց։ Ադրբեջանին ջախջախող Եվրոպական խորհրդարանի բանաձեւն ընդունվել է 607 կողմ եւ 27 դեմ ձայնով։

Հետաքրքիր է, որ «դեմ» քվեարկածները հիմնակում լեհերն էին, ովքեր, փաստորեն, պաշտպանում են ֆաշիզմը եւ ռազմական հանցագործությունները։ Իսկ լեհական պատվիրակության երկու անդամներ՝ Աննա Ֆոտիգան եւ Ռիշարդ Չարնեցկին այլեւս աներկբա է, որ ադրբեջանական պատվավոր խավիարակերներ են։ Ուստիեւ՝ այսօր դիմել եմ Եվրոպական խորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլիին՝ ներկայացնելով մի շարք փաստեր այդ երկու լեհ պատգամավորների քվեարկությունների եւ հայտարարությունների վերաբերյալ եւ առաջարկել եմ սկսել հետաքննություն՝ պարզելու նրանց ադրբեջանական լոբբիստական հակումների իրական պատճառները։

Իսկ եվրոպական բարձր արժեքներից բղավող Լեհաստանին հեչ չէր խանգարի հետեւել Եվրոպական խորհրդարանում իր երկրի պատգամավորների քվեարկությանը, որոնց զգալի մասը դեմ է քվեարկում հայ ռազմագերիների անհապաղ ազատմանը, դեմ է քվեարկում Ադրբեջանում հայ ռազմավարի խայտառակ ցուցահանդեսի փակմանը, դեմ է քվեարկում Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի հատման վտանգին»։


 Պիտակներ
         Եվրոպական խորհրդարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb