Հայ Լայն զբոսայգի, ԱՄՆ

Art News 14.04.2021   22:00   1997

Նյու Յորքում տեղի բնակիչների ու հանգստացողների համար տարբեր հետաքրքիր ու գեղեցիկ այգիներ են հասանելի, իսկ Մանհեթենի ամենաանսովոր այգին կարելի է անվանել Հայ-Լայնը։ Այն բացվել է վերջին տարիներին՝ լքված երկաթուղային էստակադի տեղում, որը ավելի քան տաս տարի ամայի վիճակում էր գտնվում։ Հիմա այնտեղ բույսեր են տնկվել ու նստարաններ են կառուցվել, իսկ լայն տեռասներից շատ գեղեցիկ համայնապատկերային տեսարան է բացվում դեպի շրջապատող փողոցները։

Չնայած նրան, որ երկաթուղային այս մասնաճյուղը փակվել է դեռ 1980 թվականին, էստակադի վերակառուցման աշխատանքները սկսվել են միայն 2006 թվականին, իսկ այգին բացվել է 2009 թվականին։ Ինքնատիպ քաղաքային այգին առանձնանում է մեծ չափսերով, իսկ էստակադի երկարությունը 2,33 կիլոմետր է։

Բացման պահից սկսած՝ Հայ-Լայն այգին մեծ հռչակ է վայելում ինչպես տեղացիների, այնպես էլ զբոսաշրջիկների մոտ։ Այգու գործելուց հետո՝ առաջին հինգ տարիներին այն մոտ հինգ միլիոն մարդ է այցելել։

Շատերը գալիս են այգի արևոտ օրերին նստարանին նստելու ու օրը վայելելու համար, իսկ մյուսների համար էլ այգին առավոտյան վազքուղի է ծառայում։ Իսկ էստակադը, որը շահագործման ավարտից հետո այդպես էլ ապասարքավորման չեն ենթարկել, կարելի է իսկական պատմական հուշակոթող անվանել։

Այն կառուցվել է նախորդ դարի 30-ական թվականներին՝ քաղաքի փողոցներից առևտրային գնացքները վերացնելու համար։ Էստակադի բարձրությունը 10 մետր է, դրա համար էլ այգում բոլոր հարմարությունները կան շրջակա բնապատկերներով հիանալու համար։ Այգին շատ լավ է կառուցված։ Այն սովորական աստիճաններով, նաև հատուկ վերելակներով մի քանի մուտք ունի, այնպես որ՝ Հայ Լայն կարող են այցելել նույնիսկ սահմանափակ ֆիզիկական հնարավորություններով մարդիկ։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը


 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb