Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 01.04.2021   10:00   672

Ավագ հինգշաբթի

  • Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին: Այս օրը հինգերորդ ժամանակաշրջանի խորհուրդն ունի, երբ Իսրայելի զավակները կերան զատկական գառը, մկրտվեցին ամպի ու ծովի մեջ, անապատում կերան երկնքից իջած մանանան և ըմպեցին վիմաբուխ աղբյուրից (Ելք 12, 14, 16, 17):
  • Ավագ հինգշաբթի օրը Տերը գալիս է Վերնատուն, որը Եկեղեցու օրինակն է, այնտեղ ուտում զատկական գառը, լվանում է Իր աշակերտների ոտքերը, նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը, իսկ գիշերը ելնում է Ձիթենյաց լեռ, Իր աստվածային գլուխը գետին խոնարհելով՝ աղոթում Հորը և ապա ձերբակալվում (Մատթ. 26:17-46): Տերը նախ լվաց աշակերտների ոտքերը, ապա տվեց Իր Մարմինն ու Արյունը՝ կամենալով նախ սրբել նրանց ադամական մեղքից և հետո տալ Ս. Հաղորդության խորհուրդը:
  • Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ: Կատարվում է Ոտնլվայի արարողություն: Քրիստոս վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է Իր աշակերտների ոտքերը: Այդպես էլ Հայ եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով: Ավագ հինգշաբթի երեկոյան կատարվում է Խավարման կարգ, որը վերաբերում է Ավագ Ուրբաթին՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը: Արարողության ընթացքում ավետարանական ընթերցումները հիշեցնում են Հիսուսի աղոթքը Գեթսեմանի պարտեզում, Հիսուսի մատնությունը, Նրա անարգվելը, Պետրոսի ուրանալը:
  • Ավագ հինգշաբթի օրը, երբ Տերը Վերնատանը նստեց Իր աշակերտների հետ, խորհրդանշում է Քրիստոսի՝ Իր փառքի աթոռին նստելն Իր տասներկու աշակերտների հետ:

Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝  2022-04-14, 2023-04-06, 2024-03-28, 2025-04-17, 2026-04-02, 2027-03-25, 2028-04-13, 2029-03-29, 2030-04-18.


 Պիտակներ
         Հայ Առաքելական Եկեղեցի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb