Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 16.01.2021   10:00   733

Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի հիշատակության օրը

Ալեքսանդրիայի Ս. Պետրոս հայրապետը և Ս. Աբիսողոմ սարկավագը Ընդհանրական եկեղեցու մեծ սրբերից են: 4-րդ դարի սկզբին գլխավորելով Ալեքսանդրիայի աթոռը` Ս. Պետրոս հայրապետն իր հավատի արիությամբ և Ս. Աբիսողոմ սարկավագի աջակցությամբ պահպանել է հավատավոր հոտը Դիոկղետիանոս, Գաղերիոս և Մաքսիմիանոս կայսրերի հալածանքների ընթացքում: Հալածանքների սաստկացման պատճառով, համայնքի պնդմամբ հայրապետը հեռանում է Պաղեստին և Միջագետք, սակայն, լսելով քրիստոնյաների նահատակությունների մասին, շուտափույթ վերադառնում է Ալեքսանդրիա և քիչ անց բանտարկվում: Սրբի ցանկության համաձայն, նաև երկյուղելով ժողովրդի զայրույթից` զինվորները նրան հրապարակավ չեն գլխատում: 311 թվականին հայրապետն իր սարկավագի հետ միասին գիշերով ընդունում է նահատակության պսակը:

Սեբաստիայի Ս. Վլաս եպիսկոպոսը` սրբակենցաղ և քաջարի հովիվը, մշտապես օրինակ է ծառայել քրիստոնյաներին և քաջալերել նահատակներին: Լիկիանոս կայսեր հալածանքների շրջանում Ս. Վլասն իր հոտին խորհուրդ է տալիս հեռանալ քաղաքից, իսկ ինքն ապաստանում է Արգեոս լեռան մենաստաններում` որտեղ ապրում է ճգնությամբ և աղոթական կյանքով:  Հրաշագործ սրբի տեղը հայտնի է դառնում իշխանություններին, նրան բերում են ատյան, ուր նա Տիրոջ Հոգով լցված՝ հանդիմանում է հեթանոսներին, ինչի համար տանջանքների է ենթարկվում, նետվում Սեբաստիո լիճը և ապա գլխատվում 316 թվականին: Ս. Պետրոս հայրապետի, Ս. Վլաս եպիսկոպոսի և Ս. Աբիսողոմ սարկավագի վարքը և մարտիրոսությունը դարեր շարունակ օրինակելի են եղել ողջ քրիստոնյա աշխարհի համար, որովհետև, իրապես, մարտիրոսների արյան գնով հիմնադրվեց Եկեղեցին:


 Պիտակներ
         Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb