Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 20.10.2020   10:00   52

Ս. Թեոդիտոն քահանայի, Զենոն, Մակար և Եվդոքսեա զինվորների և Ռամելասի հիշատակության օր

Թեոդիտոն քահանան եկեղեցու ավագերեցն էր, ապրել է Հուլիանոս Ուրացող կայսեր ժամանակաշրջանում: Վերջինիս եղբորորդին` Հուլիանոս Կոմսը, որ կայսրության արևելյան նահանգների կառավարիչն էր, հրաման է արձակում աքսորել բոլոր եկեղեցականներին` եկեղեցիների գանձերն ավելի դյուրությամբ կողոպտելու համար: Թեոդիտոն քահանան մերժում է հեռանալ եկեղեցուց կամ հանձնել եկեղեցական սպասքը` շարունակելով իր սովորական աստվածային պաշտամունքը և քարոզչությունը: Կոմսը  ձերբակալում է նրան, նախ չարչարանքի ենթարկում, ապա գլխատում: Նախքան մարտիրոսության պսակն առնելը Թեոդիտոնն ատյանում որոշ կանխասացություններ է անում, որոնք բառացիորեն կատարվում են: Հուլիանոս Կոմսն անծանոթ հիվանդությունից, իսկ Ուրացող կայսրը, պարսիկների դեմ մղած պատերազմի ընթացքում անծանոթի արձակած նետից խոցվելով՝ չարաչար մեռնում են:

Զենոնը, Մակարը և Եվդոքսիոսը չարչարանքների են ենթարկվել և նահատակվել Մաքսիմիանոս կայսեր օրոք, 311-312 թվականներին, Փոքր Հայքի Մելիտենե քաղաքում: Եվդոքսիոսը, ով կայսերական բանակի զորավար էր, հալածանքների ժամանակ իր կնոջ` Վասիլուհու և զինակից ընկերներ Զենոնի և Մակարի հետ թաքնվում են: Ապա նա թաքստոցից դուրս է գալիս, հանձնվում զինվորականներին և Զենոնի հետ գլխատվում: Նրանց հետևում է նաև Ս. Մակարը:

Ռամելասը նահատակվել է Մաքսիմիանոս կայսեր օրոք: Արևելքի արշավանքի ժամանակ կայսրն իր զորքում հայտնաբերում է 11.000 քրիստոնյաների, որոնց աքսորում է Փոքր Հայքի Մելիտենե քաղաքը: Պահակազորի հրամանատար Ռամելասը հանդիմանում է կայսերն անաստվածության և անարդարության համար ու բացահայտ հռչակում իր քրիստոնյա լինելը, ինչի համար էլ անմիջապես գլխատվում է: 


 Պիտակներ
         Հայ Առաքելական Եկեղեցի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb