Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 23.12.2019   09:00   620

Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակության օրը

Ս. Դավիթ մարգարեն Բոազի և Հռութի ծոռն էր: Նա Աստվածաշունչ մատյանի Սաղմոսաց գրքի հեղինակն է, նաև շնորհալի, քաջ, իմաստուն, ճարտասան, գեղեցիկ տեսքով մի մարդ: Եղել է հովիվ: Փղշտացիների հարձակման ժամանակ հաղթել է հսկա Գողիաթին: Սավուղի մահից հետո Իսրայելի թագավորն է եղել և հիմնադրել է Երուսաղեմ քաղաքը: Հին Կտակարանի ամենամեծ և ազդու դեմքերից է: Աշխարհի Փրկիչ Հիսուս Քրիստոս նրա սերնդից է, որով էլ արժևորվում է: 

Ս. Հակոբոս Տյառնեղբայրն ավետարանական սրբերի և «Գործք Առաքելոց»-ի սրբերի միջև կապող օղակն է: Նա Նախնական Եկեղեցու տիրական դեմքերից է և Երուսաղեմի առաջին եպիսկոպոսը: Հովսեփիոս հրեա պատմիչը նրան «արդար» է անվանել: Վարքագրական աղբյուրների համաձայն՝ ոմանք նրան պատվիրում են բարձրանալ աշտարակի վրա և Հիսուսի դեմ չարախոսել: Սակայն նա խոսում է Հիսուս Մեսիայի մասին, Ով նստած է Աստծո Աջում և գալու է դատելու աշխարհն արդարությամբ: Շատերն հավատի են գալիս, բայց չարակամները սրբին աշտարակից վայր են նետում: Ըստ ավանդության՝ թաղված է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Ս. Հակոբյանց Մայր Տաճարում: Նրա անունով մեզ է հասել ընդհանրական մի թուղթ:

Հայ Եկեղեցին Դավիթ մարգարեի հիշատակը տոնում է Հակոբոս Տյառնեղբոր հետ, որովհետև եթե Դավիթը Քրիստոսի «նախահայրն» է ըստ մարմնի, ապա Հակոբոսը՝ նրա «եղբայրը» և ազգականը: Այս երկու սրբերի անուները միասին են տոնում` խորհրդանշելու Հին և Նոր Ուխտերի միաձուլումը քրիստոնեության մեջ: 
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Դավիթ մարգարեի և Հակոբոս Տյառնեղբայր առաքյալի հիշատակը տոնում է Սուրբ Ծնունդին նախորդող ավագ տոների ժամանակ:



 Պիտակներ
         եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon