Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 22.01.2019   09:00   474

Ս. Վահան Գողթնեցու հիշատակության օր

Ս. Վահանը Գողթն գավառի Խոսրով նախարարի որդին էր: Մանուկ հասակում արաբների կողմից բազում հայ իշխանների հետ գերի է տարվում Դամասկոս, ուր թլփատվում է` վերանվանվելով Վահաբ:

Նա չափազանց խելացի և ուշիմ երեխա էր: Ստանալով պատշաճ կրթություն` զանազան պատասխանատու պաշտոններ էր ստանձնել արքունիքում: Չնայած Վահանը մեծացել էր արաբական միջավայրում, բայց գիտեր, որ իր նախնիները եղել են քրիստոնյա, և ինքն իշխանական տնից է: 719 թվականին Հովհաննես Օձնեցի կաթողիկոսն այցելում է Դամասկոսի ամիրապետին, և վերջինս թույլատրում է հայ գերյալներին վերադառնալ հայրենիք: Վահանն էլ, օգտվելով պատեհ առիթից, ցանկություն է հայտնում գնալ և տեսնել հայրենիքը` վերադառնալու պայմանով: Հասնելով Հայաստան` լսում է ամիրապետի մահվան մասին և վերջնականապես որոշում մնալ հայրենի երկրում: Ամուսնանում է Սյունյաց Բաբկեն իշխանի դստեր հետ և խաղաղությամբ կառավարում իր երկիրը: Սակայն նոր ամիրապետն սկսում է Վահանին որոնել: Վերջինս, որպես ծպտված թափառական, դեգերում է հայրենի երկրում` Վրաստանում, լինում բազմաթիվ վանքերում` վերջնականապես հաստատվում Սիրիայի Ռուծափ քաղաքում: Բայց մերժելով ամիրապետի կրոնափոխության առաջարկը` նահատակվում է 737 թվականին՝ դասվելով երանելի սրբերի շարքը: Սրբի հիշատակության օրը երգում են հատուկ շարական, որի հեղինակը նրա քույր Խոսրովիդուխտն է:

Ս. Եվգինե կույսի, նրա հոր Փիլիպպոսի և մոր Կղոդիայի, երկու եղբայրների` Սերգեյի և Ապիտոնի, երկու ներքինիների հիշատակության օր

Փիլիպպոսը հռոմեացի ազնվական էր: Նշանակվելով Եգիպտոսի կառավարիչ` ընտանիքով տեղափոխվում է Ալեքսանդրիա: Եվգինեն հոր խորհրդով սովորում է գիտության այդ նշանավոր կենտրոնում, որտեղ մեծ հետաքրքրությամբ ընթերցում է Ս. Պողոս առաքյալի թղթերը: Հավատալով Հիսուս Քրիստոսին` իր երկու ներքինիների հետ մկրտվում է և դառնում քրիստոնյա: Այնուհետև տղամարդու զգեստ հագած գնում է վանք, դառնում վանահայր: Երիտասարդ մի կին սիրահարվելով Եվգինեին` մերժվում է, հետո մեղադրում նրան բռնության փորձ կատարելու համար: Կանգնելով դատավորի առջև, ով իր հարազատ հայրն էր, Եվգինեն ստիպված է լինում բացահայտել իր ինքնությունը: Հայրը և մյուս հարազատները, լսելով Եվգինեից Փրկչի մասին, դառնում են քրիստոնյաներ: Իմանալով այդ մասին, կայսրը սպանել է տալիս Փիլիպպոսին: Նրանց ընտանիքը տեղափոխվում է Հռոմ, ուր քրիստոնյա լինելու պատճառով ձերբակալվում են: Քրիստոսի Ծննդյան տոնին Եվգինեին գլխատում են: Քիչ անց նահատակության փառապսակն ընդունում է նաև նրա մայր Կղոդիան:



 Պիտակներ
         եկեղեցական տոներ, Հայ Առաքելական Եկեղեցի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon