Հայ Առաքելական Եկեղեցին նշում է

Օրացույց 21.01.2019   09:00   497

Սուրբ վկաներ Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի հիշատակության օր

Գորդիոսը կեսարացի հարյուրապետ էր, քրիստոնյա ծնողների զավակ: Նա պաշտոնավարում էր կայսեր բանակում Դիոկղետիանոսի օրոք: Ականատես լինելով բազում անօրենությունների` նա գնում է անապատ` իրեն նվիրելով Աստծուն: Երբ Լիկիանոս կայսրը սկսում է հալածել քրիստոնյաներին, Գորդիոսը գնում է Կեսարիա և հեթանոս բազմությանը խոստովանում, որ ինքը քրիստոնյա է ու սկսում քարոզել Ճշմարտությունը: Նրան ձերբակալում են և ստիպում կուռքերին զոհեր մատուցել: Սակայն սուրբն անդրդվելի էր: Բազում չարչարանքներից հետո նա 320 թվականին ավանդում է հոգին: Քրիստոնյաները հավաքում են նրա ոսկորներն ու պատվով հողին հանձնում:

Պողիկտոսը հայկական Մելիտինե քաղաքի առաջին նահատակն է: Իր ընկերոջ շնորհիվ դարձի է գալիս և ընդունում քրիստոնեություն: Արգելում է կայսերական հրովարտակի ընթերցումը կուռքերի առջև` պատռելով այն: Հաստատ մնալով իր հավատքին գլխատվում է` արժանանալով երկնային անթառամ պսակին: Նահատակվել է 259 թվականին:

Գրիգորիսը նահատակվել է 549 թվականին Դենշապուհի հալածանքների ժամանակ: Նա ազգությամբ պարսիկ էր, Ռաժիկ ցեղից: Մինչև մկրտությունը կրել է Մանաճիհր անունը: Մժեժ Գնունի հայ մարզպանի օրոք փախչում է Հայաստան, մկրտվում` վերանվանվելով Գրիգորիս: Հեռանում է վանք` իրեն նվիրելով վանական կյանքին: Երբ Դենշապուհը Հայաստան է գալիս և իմանում, որ Գրիգորիսը նախկինում կրակապաշտ է եղել, պարտադրում է նրան վերադառնալ հին հավատքին: Բայց սուրբը չի ուրանում Քրիստոսին և նահատակվում:

Ս. Կիրակոսի, նրա մոր՝ Հուղիտայի հիշատակության օր

Հուղիտան աստվածասեր ու բարեպաշտ մի կին էր: Նա ուներ երեք տարեկան մի մանուկ, ում անունը Կիրակոս էր: Երբ սկսում են հալածանքները քրիստոնյաների դեմ, նա փախչում է Տարսոն: Սակայն այստեղ էլ չի կարողանում հանգիստ մնալ, քանզի հալածանքները շարունակվում են: Սրբին ձերբակալում են և չարչարանքների ենթարկում: Մանուկ Կիրակոսն արտասվում էր` տեսնելով մոր չարչարանքները, բայց հակառակ դատավորի ցույց տված գուրգուրանքների ու փաղաքշանքների, զորանալով ի Քրիստոս ունեցած իր հավատով, կրկնում էր մոր խոսքերը. «Ես քրիստոնյա եմ և Տեր Հիսուսին եմ պաշտում»: Մանուկն ամեն կերպ աշխատում էր ազատվել դատավորի ձեռքից և մոր մոտ գնալ: Նա ուժգին հարվածում է դատավորի ձեռքին, իսկ վերջինս զայրույթից մանկանը նետում է սանդուղքներից: Կիրակոսի գլուխը խփվելով քարին` վնասվում է,  ու նա հոգին ավանդում է` խառնվելով Բեթղեհեմի անմեղ մանուկների խմբին: Իսկ նրա մայր Հուղիտան փառք է տալիս Աստծուն, որ իր որդին նահատակության պսակին արժանացավ` չդավաճանելով Հիսուս Փրկչին: Մորը նույնպես ենթարկում են անասելի տանջանքների ու գլխատում: Այս դեպքը տեղի է ունեցել  305 թվականին: Հայ Եկեղեցին Ս. Կիրակոսին  պատվել է հատուկ շարականով:



 Պիտակներ
         Հայ Առաքելական Եկեղեցի, եկեղեցական տոներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon