Հայ առաջին սերիական մարդասպանը

Հոգեբանական 22.07.2020   21:30   3139

1964 թ. փետրվարին գրող Գուրգեն Մահարին Երևանից նամակ է գրում Մոսկվա` իր գրչընկեր Մկրտիչ Արմենին: Ընդարձակ նամակի վերջում, կարծե թե ի միջիայլոց, Մահարին հարցնում է. «Այդ Իոնեսյանի մասին ի՞նչ գիտես»: Ո՞վ էր Իոնեսյանը, որի անձը հանկարծ սկսել էր հետաքրքրել հայ գրողներին, ո՞վ էր այդ մարդը, ում մասին Երևանում խոսում էին, թե խայտառակել էր մեր ժողովրդին:

Տարիներ հետո նրա մասին պիտի գրեին, թե պաշտոնապես ճանաչվել է հայ առաջին մոլգար մարդասպան, նրա անունը պիտի հայտնվեր Սովետական մեծ հանրագիտարանի էջերում, նա պիտի դառնար գրքերի, վավերագրական ու գեղարվեստական ֆիլմերի հերոս, տեղ զբաղեցներ քրեագիտության դասագրքերում:

Իսկ հեռավոր 1964-ին մարդիկ ընդամենը պատմում էին մի դաժան հանցագործի մասին, որն առավել հայտնի էր «Մոսգազ» մականվամբ, քանի որ իր զոհերի բնակարաններ էր թափանցում` ներկայանալով իբրև Մոսկվայի գազի ծառայության աշխատակից։

…Իոնեսյանի առաջին զոհը Մոսկվայի Բալթյան փողոցում բնակվող 12-ամյա Կոստանտին Սոբոլևն էր: 1963 թ. դեկտեմբերի 20-ին նախկին երաժիշտը Մոսգազի աշխատակցի անվան տակ մուտք գործեց բնակարան, որտեղ երեխա միայնակ էր ու սպանեց նրան: Սպանվածի բնակարանից վերցրեց մի սրվակ օծանելիք և ծովափնյա ակնոցը: Դրանից անմիջապես հետո Իոնեսյանն իր սիրուհու հետ մեկնեց Իվանովո քաղաք, որտեղ ևս մի քանի սպանությունների հեղինակ դարձավ:

Կալինինի փողոցում դարձյալ երեխայի սպանեց` 12-ամյա Միխայիլ Կուլեշևին` տնից տանելով գրիչ ու փոխառության թղթեր, իսկ Հոկտեմբերյան փողոցում կացնահարեց 74-ամյա կնոջը, որպեսզի հետո իր հետ վերցներ 70 կոպեկ և ձեռքի լապտերիկը:

Օրեր անց նույն քաղաքում նա հրձակվեց 15-ամյա Գալինա Պետրոպավլովսկու վրա` կացնի 9 հարված հասցնելով նրան: Բնակարանից տարավ թաշկինակ և 90 ռուբլի: Աղջիկը հրաշքով կենդանի մնաց ու նկարագրեց հանցագործին: Իսկ Իոնեսյանը նույն գիշերն արդեն հեռացել էր Իվանովոյից և ճանապարհվել Մոսկվա:

Իվանովոյի դեպքերն ի վերջո սթափեցրին իրավապահներին: Համակարգը շարժվեց: Գործն անցավ անմիջականորեն ՆԳՆ նախարարի վերահսկողության ներքո: Դրանով սկսեց հետաքրքրվել ԱՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Նիկիա Խրուշչովը։

…Ի սկզբանե ամրագրված և տեսականորն «հիմնավորված» համոզմունք կար, թե խորհրդային հասարակարգում չէին կարող լինել սերիական մարդասպաններ ու մոլագարներ: Բայց ստացվեց այնպես, որ գործնականում դա ապացուցելու միակ ճանապարհը բոլոր հետքերը ոչնչացնելն ու լռելն էր:…

Իոնեսյանը գնդակահարվեց, սակայն նրա սերմանած վախը դեռ երկար ժամանակ իշխում էր մարդկանց սրտերում:

Շատերը սկսել էին տագնապով ու զգուշությամբ արձագանքել իրենց բնակարանների դռան թակոցներին, եղան նաև դեպքեր, երբ քաղաքացիները պարզապես դանակով հարձակվել էին ԺԵԿ-ի աշխատակիցների վրա կամ ահազանգել միլիցիային: Իոնեսյան անունը դարձավ չարիքի հոմանիշ: Կա այսպիսի մի պատմություն` կապված ռուս բանաստեղծ Իոսիֆ Բրոդսկու հետ: Ասում են, որ երբ ԽՍՀՄ-ում նրա դեմ գաղափարական արշավ էր սանձազերծվել, Կենտկոմի ազդեցիկ դեմքերից մեկը հայտարարել էր. «Բրոդսկին ավելի վտանգավոր է, քանի Իոնեսյանը: Եթե Իոնեսյանը միայն մարդկանց գլուխներ էր փշրում, Բրոդսկին գլուխներում վնասակար մտքեր է լցնում»:

Աղբյուրը՝  http://hovikcharkhchyan.wordpress.com/



 Պիտակներ
         սերիական մարդասպան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb