Հավերժահարսների բուխարիներ, Կապադովկիա

Art News 20.03.2020   22:30   1078

Հավերժահարսների բուխարիներ են անվանում Կապադովկիայում գտնվող զարմանալի երկրաբանական ձևավորումները, որոնք իրենց արտաքին տեսքով նման չեն մոլորակի վրա գտնվող և ոչ մի ուրիշ ձևավորման։ Կոնաձև կատարներով այս բարձր կազմավորումները շատ նման են բուխարու խողովակների, ինչի արդյունքում էլ անսովոր տեսարժան վայրը ստացել է իր «հեքիաթային» անվանումը։ Հին ժամանակներում տեղացիները համարում էին, որ այդ խողովակների ներսում հավերժահարսներ են բնակվում ու վախենում էին մոտենալ դրանց։

Ժամանակի ընթացքում գեղեցիկ լեգենդը կորցրել է իր ուժն ու քարե ամենամեծ ձևավորումների ներսում մարդիկ սկսել են տներ կառուցել։ Կրաքարը, որից ձևավորված են կոնաձև սյուները, բավականին փափուկ է, որի շնորհիվ էլ մարդկանց հաջողվել է դրանց ներսում հարմարավետ բնակելի քարանձավներ կառուցել։

Ինչ վերաբերում է սյուների ծագումնաբանությանը, ապա այն բավականին պարզ է։ Փաշաբաղի շրջանի բոլոր լանդշաֆտները հրաբխային ծագում ունեն, իսկ Հավերժահարսերի բուխարիները, ամենից բացի, նաև քամու և ջրի երկարատև ու տքնաջան աշխատանքի արդյունք են։

Եվ չնայած ամենին՝ «բուրգերից» մի քանիսը այնքան ֆանտաստիկ ձև ունեն, որ դրանց բնական ծագմանը հավատալը դժվար է։ Փոքրիկ այս աշտարակների առավելագույն բարձրությունը 40 մետր է։ Հաշվի առնելով դրանց փափուկ կառուցվածքը՝ պարզապես զարմանալի է, որ նման փխրուն ու մեծ ձևավորումները կարողացել են միլիոնավոր տարիների ընթացքում պահպանել իրենց նախնական տեսքը։

Որոշ սյուների ներսում այսօր վանքեր են կառուցված, ինչը տեղանքով զբոսանքն ավելի հետաքրքիր է դարձնում։ Այստեղ պահպանվել են նաև հին քարանձավային բնակավայրերը։

Զբոսաշրջիկներից շատերը նախընտրում են այս վայրերի գեղեցկությունը վայելել օդապարիկով՝ թռչնի թռիչքի բարձրությունից։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon