Հանգիստ թողեք Արամին

Պատահարներ 17.03.2021   11:42   32

Գյումրիի բնակիչ Արամ Մարգարյանը քաղաքականությամբ չի զբաղվում, գործարար չէ, սոցիալական ցանցերում ակտիվ չէ, քրեական աշխարհի հետ առնչություն չունի, հարազատ-բարեկամների ու ընկերների հետ լավ հարաբերությունների մեջ է, սակայն նրան հետապնդում են։ Հետապնդում և սպառնում են վերացնել նրան էլ, նրա ընտանիքն էլ։ Իսկ թե ովքեր են հետապնդողները և ինչի համար, Արամը չի կարողանում ասել, քանի որ քաղաքացին չգիտի ովքեր են նրանք և ինչ են ուզում: Նա միայն մեկ վարկած ունի: 

Տարիներ առաջ ԱՄՆ-ից վերադառնալիս ինքնաթիռում նա թեժ վիճաբանության մեջ էր մտել այնտեղից արտաքսված մի քանի քրեական անցյալ ունեցող անձանց հետ։  Նրանց քրեական հանցագործ լինելը հաստատում էր այն հանգամանքը, որ ինքնաթիռում  նրանք ձեռնաշթաներով էին և ուղեկցողներ ունեին։  Վիճաբանությունը չէր վերացվել արյունալի ծեծկռտուքի միայն այն պատճառով, նրանց ուղեկցողներին հաջողվել էր կանխել միջադեպը։ Սակայն քրեականներն սպառնացել էին, որ Հայաստան հասնելուն պես հաշվեհարդար կտեսնեն նրա հետ:

Վայրէջքից հետո Ա․Մարգարյանն այլևս չէր հանդիպել նրանց և առանձնապես մեծ կարևորություն չէր էլ տվել ոչ միջադեպին, ոչ էլ նրանց անուններին՝ բան է, կատարվեց անցավ։  

Սակայն դեպքն իրեն հիշեցնել էր տվել միայն այն ժամանակ, երբ Արամն սկսել էր  սպառնալից զանգեր ստանալ։ Անհայտ անձինք կոտրել էին նրա տան պատուհանների ապակիները։ Դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ, սակայն մեղավորներ  չէին հայտնաբերվել: Արամին սկսել են նույնիսկ հարևանները չվստահել, որովհետև կոտրված ապակիներինց նրանց ևս բաժին էր հասել։ Հարևաններն Արամին սկսել են կապել հանցաշխարհի հետ, իբր նա տարաձայնություններ կամ պարտք ու պահանջ ունի հանցագործների հետ, ուստի նրանք համարում են, որ իրենց անվտանգությունը նույնպես վտանգված է և գերադասում են հեռու մնալ Արամից։

Սույն նյութի հրապարակումը նպատակ ունի հանրայնացնել Ա․ Մարգարյանի շուրջը կատարվող միջադեպերը այն հույսով, որ միգուցե ի հայտ գան հետապնդողները և հայտնի դառնան նրանց պահանջները, կամ որ ցանկալի է՝ դադարեցվի Արամի և նրա ընտանիքի մշտական դարձած անհանգստությունը:

Անահիտ Սիմոնյան


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb