Համայնքների ղեկավարների կողմից պաշտոնական կեղծիքներ են կատարվել․ ԱԱԾ

Իրադարձային 11.02.2021   17:36   82

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է համայնքների ղեկավարների կողմից պաշտոնական կեղծիքներ կատարելու, ինչպես նաև զորավարժանքներից խուսափելուն օժանդակելու դեպքեր: 

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմով պայմանավորված՝ ՀՀ կառավարության կողմից նույն օրը ՀՀ ամբողջ տարածքում հայտարարված ռազմական դրության և ընդհանուր զորահավաք կազմակերպելու և իրականացնելու որոշման հիման վրա ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի տարածքային ստորաբաժանման կողմից 2020 թվականի հոկտեմբերին ՀՀ Արմավիրի մարզի Այգեշատ, Հայթաղ, Արագած, Ոսկեհատ և Մրգաստան համայնքներում հաշվառված վեց զորակոչիկների ուղարկվել են զորավարժանքի ներկայանալու վերաբերյալ համապատասխան ծանուցագրեր:

Նշված համայնքների ղեկավարները, հանդիսանալով պաշտոնատար անձինք, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի ուժով լիազորված լինելով օրենքով սահմանված կարգով վարել համայնքի զինապարտների գրանցամատյան, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները ներկայացնել տարածքային զինվորական կոմիսարիատ, մասնակցել զորակոչի, զորահավաքի ու վարժական հավաքների կազմակերպմանը, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովման միջոցառումներին, անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով, կազմել և ՊՆ հիշյալ ստորաբաժանմանն են հանձնել իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ վեց պաշտոնական փաստաթղթեր այն մասին, թե իբր հիշյալ վեց անձինք բացակայել են Հայաստանի Հանրապետությունից.  որպիսի գործողություններով օժանդակել են ծանուցագրեր ստացած անձանց ռազմական դրության պայմաններում խուսափել զորավարժանքից՝ այդ ծառայությունից ազատվելու՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հիմքերի բացակայության դեպքում:

Պաշտոնեական կեղծիքի, ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելու և ռազմական դրության պայմաններում զորավարժանքից խուսափելուն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի  314-րդ հոդվածի 1-ին մասով, 327-րդ հոդվածի 3-րդ մասով և 38-327-րդ հոդվածի 3-րդ մասով»,- ասված է հաղորդագրության մեջ:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb