Համայնքային ենթակայության դպրոցներն ու մանկապարտեզները շահագործման համար անվտանգ են

Իրադարձային 15.02.2021   10:10   48

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության մասնագետների ուղեկցությամբ այցելել է համայնքային դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ երկրաշարժից հետո նկատվել են որոշակի խնդիրներ։ Այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շրջայցին մասնակցել է նաև փոխքաղաքապետ Գայանե Մելքոմ Մելքոմյանը, վարչական շրջանների ղեկավարներ։

ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության կառուցվածքների սեյսմակայունության վարչության պետ Զավեն Խլղաթյանը հավաստիացրել է, որ դպրոցների ու մանկապարտեզների կրող պատերն անվտանգ են.

«Երկրաշարժի ազդեցությունը զգացվել է միայն ծեփամածիկի վրա առկա ճաքերի զարգացման տեսքով, որոշակի տեղերում ծեփերը թափվել են, իսկ կրող կոնստրուկցիաների վրա որևէ ազդեցություն չի թողել: Տեղերում խորհուրդ ենք տվել մաքրել ծեփերը, ինչից հետո շահագործման համար միանշանակ անվտանգ կլինեն»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ խնդիրը պահանջում է համակարգային լուծում։ Քաղաքապետարանն իր մասով արդեն սկսել է աշխատանքները․ հիմնանորոգվել է 12 մանկապարտեզ, ևս վեցը կհիմնանորոգվի այս տարի։ Բացի այդ էներգաարդյունավետության ծրագրով կհիմնանորոգվի 15 մանկապարտեզ, որից երկուսում աշխատանքներն մեկնարկել են։

Երկուշաբթի օրը բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները սահմանված ժամանակացույցով կընդունեն երեխաներին: 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb