Հակոբ Արշակյանը ելույթ է ունեցել «Yerevan Testing Days» կոնֆերանսում

Իրադարձային 02.05.2019   18:10   271

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է առաջին անգամ Հայաստանում անցկացվող  ծրագրային ապահովման տեստավորմանը նվիրված «Yerevan Testing Days» կոնֆերանսի փակման հանդիսավոր արարողությանը։ Նախարարը ներկա է գտնվել նաև կոնֆերանսի շրջանակներում կազմակերպված ցուցահանդեսին, որտեղ բարձր տեխնոլոգիաների ոլորտի տարբեր ընկերություններ ներկայացնում էին իրենց ապրանքանիշերը։ 

Հակոբ Արշակյանը շրջել է  ցուցասրահի տաղավարներով, զրուցել ներկայացուցիչների հետ, որոնք մանրամասնել են իրենց գործունեության առանձնահատկություններն ու ձեռքբերումները։ 

«Workfront»-ի տաղավարի պատասխանատուն, ներկայացնելով իրենց ապրանքանիշը, նշել է, որ ստեղծել են աշխատանքի կառավարման մի մոդել, որը մեծ ընկերություններն օգտագործում են աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։ 

«Team viewer»-ը ներկայանում էր խաղ վիկտորինայի միջոցով, որին մասնակից դարձավ նաև նախարարը։

«Yerevan Testing Days» եռօրյա կոնֆերանսը, որին մասնակցում էին բարձր տեխնոլոգիաների ոլորտի մոտ 500 ներկայացուցիչներ, 30-ից ավելի արտասահմանյան հայտնի մասնագետներ ու խոսնակներ, եզրափակվեց հանդիսավոր արարողությամբ, որտեղ ելույթով հանդես  եկավ  ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

Իր ելույթում նախարարն անդրադարձել է նման միջոցառումների անցկացման կարևորությանը։ Նա նշել է, որ աշխարհի հետ համահունչ շարժվելու համար շատ կարևոր է համագործակցությունը միջազգային տարբեր ընկերությունների հետ, որի առանցքային կետերից մեկն այն է, թե ի՞նչ ստանդարտներով ենք մենք շարժվում և ինչպե՞ս ենք խոսում մյուսների հետ։ Նախարարն ընդգծել է նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը՝ նույն խնդիրներով զբաղվող ընկերությունների հանդիպումները նույն խնդրի լուծման  շուրջ, ինչը   թույլ կտա առաջ գնալ և զարգացնել Հայաստանը՝ որպես տեխնոլոգիական երկիր։

Անդրադառնալով Հայաստանում արտասահմանյան ընկերությունների մասնաճյուղեր բացելուն՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ որևէ ընկերության մուտքը Հայաստան պետք է ողջունելի լինի։

«Հայաստանում պետք է լինեն տասնյակ-հարյուրավոր ընկերություններ, և հազարավոր ստարտափներ, ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան»,- ասել է նախարարը։

Նախարարը անդրադարձել է նաև տեխնոլոգիական կրթությանը, ընդգծել, որ ուսումնական հաստատություններում քիչ է զգացվում տեխնոլոգիական ընկերությունների ներկայացվածությունը, ինչի անհրաժեշտությունը կա և շատ կարևոր է։



 Պիտակներ
         Հակոբ Արշակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon