ՀԱԿ. Մարտի 1-ի սպանդը պետք է դատապարտվի պետական մակարդակով

Քաղաքական 26.01.2019   15:02   247

Մոտենում է մարտիմեկյան ոճրագործության տասնմեկերորդ տարելիցը։

Տասը տարի շարունակ Հայ Աազգային Կոնգրեսը հետապնդել է մարտիմեկյան դատը՝ դիմագրավելով իշխանությունների հակազդեցությանը և հանցագործությունը պարտակելու ջանքերին։ 2008-ի իրադարձություններից հետո առաջին անգամ մարտիմեկյան զոհերի ոգեկոչման օրը անցնելու է նոր իրավիճակում, երբ իշխանության չէ ոճիրն իրագործած հանցավոր ռեժիմը։ Վերջապես Հայաստանում ձևավորվել է իշխանություն, որը կարող է պետականորեն ստանձնել ոճրագործության թե իրավական բացահայտումը, թե քաղաքական գնահատումը և թե բարոյական դատապարտումը։

Հայ Աազգային Կոնգրեսը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը երբեք չի դառնա ազատ, ժողովրդավարական երկիր, քանի դեռ Մարտի 1-ի սպանդը չի դատապարտվել պետական մակարդակով, իսկ բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխանատվության չեն կանչվել և չեն կանգնել արդարադատության առջև։

Մենք ողջունում ենք նոր իշխանությունների կողմից ոճրագործության բացահայտմանն ուղղված իրավական քայլերը և արձանագրած առաջընթացը՝ քրեական գործի հարուցումը և հանցագործության հեղինակներին մեղադրանքների առաջադրումը։ 

Միևնույն ժամանակ, խնդրի ամբողջական լուծման առումով անհրաժեշտ է և ժամանակն է, որպեսզի իշխանությունների նախաձեռնությամբ կատարվեն նաև հետևյալ քայլերը.

1. Հիմք ընդունելով ՄԻԵԴ կողմից կայացված և արդեն իսկ ուժի մեջ մտած վճիռները՝

  1. Վերաբացել և կրկին քննել մարտիմեկյան իրադարձություններին առնչվող, այդ թվում՝ 2008թ-ի նախագահական ընտրությունների շրջանում և մարտի մեկի սպանդից հետո հարուցված բոլոր քրեական գործերը:
  2. Պատասխանատվության կանչել Մարտի 1-ի գործով իրավապահ և դատական մարմինների այն պաշտոնյաներին, ովքեր կատարել են հանցագործություններ արդարադատության դեմ, ինչի արդյունքում հարյուրավոր անմեղ մարդիկ ապօրինաբար ենթարկվել են քրեական հետապնդման և պատիժների։

2. Մարտի 1-ի իրադարձություններին առնչվող այլ գործերով (այդ թվում` հետապնդումների, հալածանքների և բռնաճնշումների ենթարկված անձանց իրավունքների պաշտպանության համար օրենքով սահմանված բողոքարկումների վաղեմության ժամկետը լրացած լինելու դեպքերում) կիրառել անցումային արդարադատություն, որպեսզի`

  1. Վերականգնվեն մարտիմեկյան ոճրագործության հետևանքով մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների զանգվածային ոտնահարումից տուժած բոլոր քաղաքացիների իրավունքները, ովքեր պետք է ստանան նաև փոխհատուցում՝ կրած բարոյական և նյութական վնասների համար։
  2. Հայտնաբերվեն և պատասխանատվության կանչվեն մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում անկարգություններ հրահրելու նպատակով ձևավորված հանցավոր խմբերի կազմակերպիչներն ու կատարողները։

3. Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 168-րդ և 169-րդ հոդվածներով սահմանված լիազորությունները, կառավարության նախաձեռնությամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» Ռոբերտ Քոչարյանի 01.03.2008թ. հրամանագիրը հակասահմանադրական ճանաչելու նպատակով:

4. Օրենքով մարտի մեկը սահմանել որպես «2008թ-ի մարտի 1-ի զոհերի հիշատակի և պետական ահաբեկչության և բռնաճնշումների դեմ համազգային բողոքի օր»՝ կազմակերպելով նաև հիշատակի օրվան նվիրված հրապարակային զանգվածային միջոցառումներ։

5. Փոխհատուցումներ տրամադրել մարտիմեկյան իրադարձությունների բոլոր զոհերի իրավահաջորդներին և մարմնական վնասվածքներ ստացած անձանց։

6. Մյասնիկյանի արձանին հարող տարածքում տեղադրել իրադարձությունները հիշատակող և ոճրագործության զոհերին նվիրված հուշարձան։

26 հունվարի 2019թ.

ՀԱԿ գրասենյակ



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon