Գյումրիում շները ստերջացվում են

Իրադարձային 21.02.2020   11:45   553

Գյումրիում շների ստերջացումը, այսպես կոչված, քաղաքակիրթ եղանակով վնասազերծումը միայն վերջերս է իրականացվում:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, շներին ստերջացնելու ու բուժելու համար քաղաքապետարանը 4 անգամ մրցույթ է հայտարարել: 3 անգամ մրցույթին մասնակցողներ չեն եղել: Վերջին մրցույթին մեկ անհատ ձեռներեց է հայտ ներկայացրել և առանց մրցակցության հաղթող ճանաչվել:

Նախնական պայմանագիր է կնքվել 350 թափառող կենդանիների ստերջացման համար: «Հիմա այս ծրագիրը փորձաշրջան է բոլորիս համար, ոչ մեկս չէինք պատկերացնում մասշտաբայնությունը պահանջվող աշխատանքի. ինչպես մեզ, այնպես էլ քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների համար սա փորձ է: Ծրագրի շարունակականությունը կախված է այս փորձաշրջանի արդյունավետությունից»,-նշեց ծրագրի կամավոր, անասնաբույժ Արման Եղիկյանը:

Շների մասին ահազանգերը ստանալուց հետո քաղաքի տարբեր հատվածներից շներին հավաքում են՝ առանց վնաս հասցնելու նրանց: Կլինիկայում կենդանիները, եթե ունեն վնասվածքներ, բուժվում են, ապա ստերջացվում, հսկողության տակ պահվում ևս 3 օր, ինչից հետո տեղափոխվում են նույն վայրը, որտեղից նրանց բռնել են: «Ցավալին այն է, որ 3 օրից հետո այդ կենդանիները այլևս հսկողության տակ չեն՝ վերքն ինչպես եղավ, դրսում մարդիկ խփեցին, կամ ինչպես վերաբերվեցին, մեզ հայտնի չէ: Երբեմն մարդիկ, տեսնելով ականջներին տարբերանշանը, կրկին ագրեսիա են ցուցաբերում, մինչդեռ շներն ընդհանրապես ագրեսիվ պահվածք չունեն»,-պատմում է ծրագրի կամավորը:

Մասնագետները քաղաքում առանց կացարանի կամ, ինչպես ընդունված է ասել, թափառող շների հարցի լուծման ամենաարդյունավետ տարբերակը համարում են կացարանը, որը նաև կլուծեր բնության մեջ շների բնականոն աճի խնդիրը:

Արմենուհի Մխոյան



 Պիտակներ
         ստերջացում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon