Գրիգորի Մարտիրոսյան. Արցախում կորոնավիրուսի դեպք գրանցված չէ․

Իրադարձային 21.03.2020   12:30   386

ԱՀ պետական նախարար, նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Գրիգորի Մարտիրոսյանը ԱՀ կառավարության նիստում անդրադարձել է Արցախում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին։

«Արցախի Հանրապետության մեծարգո նախագահ Հարգելի գործընկերներ

Նախորդ տարվա դեկտեմբերից COVID-19 պաշտոնական անվամբ նոր տեսակի կորոնավիրուսը, սկիզբ առնելով Չինաստանից, բավականին կարճ ժամկետում տարածվեց աշխարհի մեծ թվով երկրներում և վերածվեց համաշխարհային աղետի: Մարտի 11-ին, երբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց COVID-19 կորոնավիրուսի պանդեմիայի մասին, աշխարհի 114 երկրում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմում էր 118 հազար մարդ: Այսօրվա դրությամբ վարակման դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 220 000-ի:

Ցավոք սրտի, պանդեմիան չշրջանցեց նաև Հայաստանի Հանրապետությունը: Ներկայումս Հայաստանում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ վարակի տարածման դեմ:

Բարեբախտաբար այսօրվա դրությամբ Արցախում նոր կորոնավիրուսով վարակման դեպք գրանցված չէ, սակայն պարտադրված ենք մեր ունեցած հնարավորություններն առավելագույնս արդյունավետ օգտագործելով` դիմակայել համաշխարհային այդ սպառնալիքին և դրա բացասական ազդեցությունները մեղմելու ուղղությամբ ջանքեր գործադրել:

Արցախի Հանրապետության կառավարությունը, հաշվի առնելով տարածաշրջանում նոր կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը և նպատակ ունենալով կանխել նոր կորոնավիրուսի տարածումն ու կայուն պահպանել հանրապետությունում համաճարակային վիճակը` 2020 թվականի փետրվարի 18-ին ձևավորեց Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով` շահագրգիռ գերատեսչությունների պատասխանատուների ներգրավմամբ:

Հարգելի գործընկերներ,

Հանձնաժողովի ձևավորման առաջին իսկ պահից նախանշվել են հիմնական միջոցառումներն ու գործողությունները` ըստ հետևյալ նպատակային ուղղությունների:

Առաջնահերթ դիտարկվել են առողջապահական համակարգի հնարավորությունների ընդլայնման, պատրաստվածության աստիճանի բարձրացման խնդիրները և նախանշվել դրանց լուծմանն ուղղված գործողությունների ու միջոցառումների համալիրը, որի շրջանակում`

Արցախի և Հայաստանի Հանրապետությունների առողջապահության նախարարությունների միջև ստեղծվել է օպերատիվ հաղորդակցություն: Ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստացվում են օպերատիվ:

Արցախի առողջապահության նախարարությունից բուժաշխատողների խումբ է գործուղվել Հայաստանի գործընկեր կառույց՝ ախտորոշման և համապատասխան միջոցառումների կազմակերպման վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ձեռք են բերվել անհրաժեշտ դեղամիջոցներ և բժշկական պարագաներ, ինչը շարունակական է:

Գործողությունների հաջորդ համալիրը նպատակ ունի նվազագույնի հասցնել կորոնովիրուսի ներթափանցումը` հնարավորինս սահմանափակելով շփումներն արտաքին աշխարհի հետ: Այդ նպատակով`

չեղարկվել են Արցախի Հանրապետության պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների աշխատակիցների բոլոր արտասահմանյան գործուղումները և հորդորել ենք բնակչությանը հրաժարվել անձնական արտասահմանյան այցելություններից` հնարավորինս ձեռնպահ մնալ այլ երկրներ այցելելուց՝ բացառությամբ անհետաձգելի և բացառիկ դեպքերի.

Արցախի Հանրապետության նախագահի մոտ մարտի 13-ին հրավիրված՝ հանրապետությունում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների համաձայն`

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչների միջոցով սահմանափակվել են նստավայր երկրներից պատվիրակությունների, առանձին անձանց Արցախի Հանրապետություն նախատեսված այցերը, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներին Արցախի Հանրապետություն մուտքի արտոնագրերի տրամադրումը, բացառությամբ Արցախի Հանրապետությունում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին որպես միջազգային դիտորդներ կամ լրագրողներ գրանցված անձանց.

մարտի 14-ից սկսած շուրջօրյա բժշկական հսկողություն է իրականացվում «Աղավնո» ու «Խարխափուտ» սահմանային հսկիչ կետերում, իսկ մարտի 17-ից նման միջոցառումներ իրականացվում նաև են «Խնձորեսկ» և «Կապան-Կովսական» սահմանային հսկիչ կետերում: Բոլոր հսկիչ կետերը ապահովված են հակահամաճարակային միջոցառումներն իրականացնող անձնակազմի կենսագործունեության համար անհրաժեշտ պայմաններով: Սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում հսկողական աշխատանքներն իրականացվում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարաի, ոստիկանության պետի և արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի համատեղ հրամանով սահմանված կարգով, ըստ որի՝ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերում կազմակերպվում է Արցախ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափումը և դրա արդյունքից ու ռիսկային գոտուց ժամանած լինելու հանգամանքից ելնելով ձեռնարկվում են հրամանով սահմանված համապատասխան միջոցառումները:

Հանձնաժողովի կողմից ձեռնարկված միջոցառումների հաջորդ համալիրը ուղղված է մեր հանրապետության տարածքում մարդկային շփումները նվազագույնի հասցնելու միջոցով վարակի տարածման կանխարգելմանը, որի համար`

առջանահերթ դադարեցվեց ուսումնական գործընթացը նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական, նախնական (արհեստագործական), միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում և իրականացվեցին շենքերի ու շինությունների ախտահանման աշխատանքներ.

մեկ ամսով՝ սկսած մարտի 16-ից սահմանափակվել են զանգվածային, այդ թվում՝ մշակութային, գիտական, զվարճանքի, մարզական և այլ միջոցառումները, ինչպես նաև կասեցվել են գրադարանների, թանգարանների, թատրոնների, պատկերասրահների և համերգասրահների աշխատանքները:

Միաժամանակ հորդորել ենք բնակչությանը, և այս պահին ևս օգտվելով նիստի լուսաբանման առիթից, նորից դիմում եմ մեր քաղաքացիներին խուսափել ավելորդ ռիսկերից, հնարավորինս ձեռնպահ մնալ հանրային բնույթի միջոցառումներ կազմակերպելուց և դրանց մասնակցելուց.

Միաժամանակ, Արցախի Հանրապետության պետական կառավարման, հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է դիտարկել իրենց ղեկավարած մարմնի և ենթակայությամբ գործող պետական հիմնարկների աշխատողների կողմից աշխատանքի կատարման հեռավար եղանակի հնարավորությունը մեկ ամսով՝ սկսած մարտի 16-ից: Առաջնահերթ դա վերաբերում է նախադպրոցական և դպրոցական տարիքի ու հատուկ խնամք պահանջող երեխա ունեցող, 60 և ավելի տարեկան, առողջական խնդիրներ ունեցող աշխատողներին)

պետական հիմնարկներում կազմակերպվել են կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ: Ախտահանման հնարավորություններ են ստեղծված նաև այդ հիմնարկներն այցելողների համար.

իրականացվում են նաև քաղաքային և միջշջանային տրանսպորտի ախտահանման միջոցառումներ.

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը սպառողների և սննդամթերքի իրացման կետերի աշխատողների իրազեկվածությունը սննդամթերքի անվտանգութան ապահովման բնագավառի հարցերի վերաբերյալ բարձրացնելու նպատակով ձեռնարկել է սննդամթերքի արտադրություններում, իրացման վայրերում և հանրային սննդի օբյեկտներում պարտադիր առաջնորդվելու համար համապատասխան ուղեցույցներ տարածելու նախաձեռնությունը:

Հարգելի ներկաներ,

հաշվի առնելով, գերազանցապես, բնակչության սոցիալ-տնտեսական վիճակի վրա համաշխարհային այս սպառնալիքի ազդեցության անխուսափելիությունը` որոշակի միջոցառումներ են ձեռնարկել նաև այդ ազդեցության հնարավորինս մեղմացման ուղղությամբ.

Հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը պարբերաբար իրականացնում է խանութներում վաճառվող առաջին անհրաժեշտության ապրանքների, ինչպես նաև դեղատներում դեղերի և բժշկական պարագաների քանակի ու մանրածախ գների դիտանցումներ` դրանց փոփոխություններին ժամանակին և պատշաճ արձագանքելու համար.

Արցախի ներդրումային և ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամները ընդունել են որոշումներ, համաձայն որոնց, հիմնավոր տնտեսական դժվարություններ ունեցող շահառուների կողմից հիմնադրամների հանդեպ ունեցած պարտավորությունների մարման ժամանակացույցերով նախատեսված 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ը ընկած ժամանակահատվածում հերթական վճարումները չիրականացվելու դեպքում, հիմնադրամների կողմից այդ գումարները չեն համարվի ժամկետանց և չեն հաշվարկվի տուժանքներ: (Նշված ժամկետի ավարտից հետո շահառուներին կտրամադրվեն նոր վճարման ժամանակացույցեր՝ չվճարված գումարները բաշխելով պայմանագրի գործողության հետագա ժամանակահատվածի վրա):

Հիմնադրամների գլխավոր տնօրեններին հանձնարարվել է անհրաժեշտության դեպքում համագործակցող ֆինանսավարկային կազմակերպություններին տրամադրել համաձայնություն` հիմնադրամի կողմից սուբսիդավորվող վարկերի վերակառուցման` մարումների հետաձգման համար.

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը աշխատանքներ է իրականացնում կամավորներ հավաքագրելու ուղղությամբ՝ միայնակ, ծեր ու հիվանդ անձանց խնամելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում` Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության կողմից նրանց ներգրավելու համար:

Հարգելի գործընկերներ, Հանձնաժողովն ապահովում է աշխատանքի թափանցիկության առավելագույն մակարդակ: Ստեղծվել է միասնական տեղեկատվական հարթակ` օպերատիվ և ճշգրիտ տեղեկատվություն հաղորդելու և հանրությանը ապատեղեկատվությունից զերծ պահելու, անհարկի խուճապի տարածումը կանխելու նպատակով:

Օգտվելով առիթից պետք է դիմեմ բոլոր գործընկերներիս՝ կորոնավիրուսի վերաբերյալ ցանկացած տեղեկատվության հրապարակում իրականացնել միասնական տեղեկատվական հարթակի միջոցով, որը համակարգում է Նախագահի խորհրդական պարոն Տիգրան Աբրահամյանը»։



 Պիտակներ
         Արցախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon