Գուելի զբոսայգի, Բարսելոնա

Art News 12.07.2020   22:00   1323

Բարսելոնայում է գտնվում ողջ աշխարհում հայտնի Գուելի զբոսայգին, որն իրենից զարմանալի քաղաք-այգի է ներկայացնում։

Այն նշանավորվում է ոչ միայն լանդշաֆտային, այլ նաև ճարտարապետական զարդարանքներով։ Այգին բացվել է 20-րդ դարասկզբին։

Նախնական նախագծի համաձայն՝ այգու տարածքում ուզում էին 60 ինքնատիպ տուն կառուցել։ Սակայն արդյունքում 2 շինություն կառուցվեց, որոնցից մեկում 1906-1926 թվականներին ապրել է ճարտարապետ Անտոնիո Գաուդին։ Այսօր այդ տունը թանգարան է՝ նվիրված համաշխարհային հռչակ վայելող ճարտարապետի կյանքին ու ստեղծագործությանը։

Ներկայումս այգու տարածքը կազմում է ավելի քան 17 հեկտար։ Նրա հիմնադիր համարվում է կատալոնացի ձեռնարկատեր ու քաղաքական գործիչ Էուսեբի Գուելը։ Զբոսայգու ճարտարապետական ու լանդշաֆտային զարդարանքների վրա աշխատել է ինքը՝ Անտոնիո Գաուդին։

Որոշ ճարտարապետական կոմպոզիցիաների ու զարդերի հետ շատ հետաքրքիր պատմություններ են կապված։ Այսպես՝ այգում կորաձև անսովոր նստարան կտեսնեք, որը նման է նստած մարդու մարմնի։ Այն ստեղծելու համար Գաուդին դեռ չչորացած բետոնե նստարանի վրա է նստեցրել աշխատողներից մեկին ու այդպես չափել նրա մեջքի կորությունը։

Այգու հյուրերը անպայման կնկատեն, որ բետոնից շատ կառույցներ ու քանդակներ զարդարված են գունավոր քարերով ու ապակիներով։ Լեգենդներից մեկի համաձայն՝ աշխատողները ամիսներ շարունակ այդ կտորները հավաքել են ողջ քաղաքում շրջելով։

Զբոսայգու խորհրդանիշներից ամենակարևորը, որը հաջողվել է ստեղծել քրտնաջան աշխատանքի շնորհիվ, մոզաիկայից Սալամանդրան է։ 1984 թվականին Գուելի զբոսայգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         անսովոր զբոսայգիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb