Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պետք է լինի ԱՄՆ առաջնահերթությունը

Հրատապ 09.01.2019   10:30   241

ԱՄՆ-ն պետք է առաջնային համարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծումը գտնելը: Նման կարծիքի է ամերիկացի վերլուծաբան Ուիլյամ ՄաքՀենրին, որը Արտաքին քաղաքականության հարցերով երիտասարդ մասնագետներ հասարակական կազմակերպության փորձագետներից մեկն է:

Նրա խոսքով՝ չնայած ղարաբաղյան հակամարտությունը 2016 թվականի քառօրյա պատերազմի ժամանակ հայտնվեց խորագրերում, ճգնաժամը չի արժանացել արևմտյան քաղաքական գործիչների պատշաճ ուշադրությանը, հատկապես Միացյալ Նահանգներում: Վերլուծաբանի կարծիքով՝ հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունները ոչ միայն թուլացնում են բուն հակամարտության մեջ ներգրավված կողմերին, այլև Ռուսաստանի կողմից օգտագործվում են Կրեմլի նպատակներին հասնելու համար այս կամ այն տարածաշրջանի քաղաքականության մանիպուլացման նպատակով: Այս ենթատեքստում նա առանձնապես կարևոր է համարում, որ Վաշինգթոնում այս տարածաշրջանին ավելի շատ ուշադրություն դարձնեն:

«Դժվար է պատկերացնել, թե ինչո՞ւ պետք է աշխարհի այլ ծայրում չկարգավորված հակամարտության կարգավորումը ծառայի ԱՄՆ շահերին: Այդուհանդերձ, այս հակամարտության կարգավորումը Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի աշխարհագրական դիրքի պատճառով: Երկիրը գտնվում է ԱՄՆ երկու մրցակիցների՝ Իրանի և Ռուսաստանի կողքին, և սահմանակցում է երկու կարևոր դաշնակիցներին՝ Թուրքիային և Վրաստանին: Դրանից բացի, Ադրբեջանի հետ սառեցված հակամարտությունը խոչընդոտում է Հայաստանի տնտեսական աճին և տարածաշրջանային առևտրային կապերի ընդլայնմանը, քանի որ Թուրքիան, որպես Ադրբեջանի դաշնակից, Հայաստանի հետ սահմանները փակել է»,- նշում է ՄաքՀենրին:

Նշելով, որ Հայաստանում իշխանափոխության հետ կապված՝ ոմանք հույս ունեն, որ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը կօգտագործի հակամարտության դիվանագիտական կարգավորման համար՝ հեղինակը շեշտում է, որ, ցավոք, «Հայաստանում ԱՄՆ կառավարության վերջին դիվանագիտական մանևրումները պայմանավորված չէին կառուցողական ներքաղաքական իրադարձություններով»: Վերլուծաբանը նշում է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստան իր այցի ընթացքում, հակառակը, «ցուցադրեց չկշռադատված դիվանագիտական վարպետություն՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելով, որ փակի Իրանի հետ իր սահմանը՝ առաջին հերթին ընդգծելու փոխարեն, որ ԱՄՆ-ն Հայաստանին աջակցում է Լեռնային Ղարաբաղում սառեցված հակամարտության փոխընդունելի և խաղաղ լուծման որոնման հարցում»:

Վերլուծաբանը կարծում է, որ այս տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ ավելի ակտիվ քաղաքականությունը պետք է ցույց տա, որ ԱՄՆ-ն մինչ կկարողանա լուծել աշխարհաքաղաքական ավելի լուրջ խնդիրները, ինչպիսին է Իրանի տնտեսական ազդեցության սահմանափակումը, պետք է նախ այս սառեցված հակամարտության խաղաղ կարգավորման որոնման գործում հանդես գա որպես կառուցողական աշխարհաքաղաքական մասնակից: «Եթե հակամարտությունը կարգավորվի, սա ոչ միայն Եվրասիայում մյուս հակամարտությունների դադարեցման դրական օրինակ կծառայի, այլև աշխարհաքաղաքականության տեսակետից անկայուն տարածաշրջանում կստեղծի ավելի շատ անդրսահմանային առևտրային կապեր»,- ամփոփում է հեղինակը:



 Պիտակներ
         Ուիլյամ ՄաքՀենրի, ԼՂՀ հակկամարտություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon